Բաժիններ՝

Գրախանութի աշխատակից. «Մեր երիտասարդներն, իրոք, շատ գրագետ են ու կարդացած» (տեսանյութ)

Արդեն 5 տարի է, ինչ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը հայերը նշում են՝ որպես գիրք նվիրելու տոն: Այսօր մայրաքաղաքի գրադարանները լիքն էին մարդկանցով, ովքեր գիրք էին գնում՝ հենց նվիրելու մտադրությամբ: Քաղաքացիներից շատերի խոսքերով՝ գիրք նվիրելու ավանդույթը կարիք ունի նորից տեղ գտնել մեր հասարակության կյանքում, քանի որ դա գրքերը պահպանելու ամենալավ ձևերից է.

«Մեր ժամանակ դա սովորական բան էր: Հիմա հատուկ օր են նշանակել: Մենք տարբեր առիթներով իրար գրքեր էինք նվիրում, քանի որ շատերը տանն ունեին գրադարան ու գիրք էին հավաքում: Էն ժամանակ էլ դա էր մոդա: Բայց հիմա ամեն ինչը համակարգչով ա: Էն օրը թոռնիկիս ասում եմ՝ էդքան էդ անտերի դեմը մի նստի, ասում ա՝ գիրք եմ կարդում: Գնամ տեսնեմ, իրոք որ, կարդում ա համակարգչով: Բայց դե դա նույն բանը չի»,- մեզ հետ զրույցում նշեց 60-ամյան տիկին Ռոզան: Երիտասարդները մեզ հետ զրույցում նշեցին, որ այսօր շատերն են գիրք կարդում ու համաձայն չեն այն մտքի հետ, որ երիտասարդ սերունդը չի սիրում կարդալ. «Օրինակ, այն գրքերը, որոնք իմ մաման ա կարդացել, շատերին ծանոթ չեմ, բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարդում: Մենք էլ ժամանակակից գրողների գրքեր ենք կարդում ու շատ հաճախ՝ էլեկտրոնային տարբերակով: Օրինակ, վերջին գիրքը, որ կարդացել եմ, Էրիկ Էմանուել Շմիդտի «Оскар и розовая дама»-ն է, ու  հենց ինտերնետով եմ կարդացել: Բայց էդ գործի մասին մամաս տեղյակ չէր»,- նշեց գրախանութում գիրք ընտրող հաճախորդուհիներից մեկը:

Ոմանց համար գիրք նվիրելը շատ դժվար և պատասխանատու գործ է: «Շատ դժվար է ինձ համար ընտրություն անելը, քանի որ գիրք նվիրելու համար, իմ կարծիքով, մարդուն պետք է շատ լավ ճանաչես: Ես երևի Պ. Սևակի բանաստեղծությունների  ժողովածուն կգնեմ, քանի որ մեր օրերում Սևակին գրեթե բոլորն են սիրում»,- մեզ հետ զրույցում նշեց 24-ամյա Արամը: Ոմանց համար էլ գիրքն այնպիսի բան է, որ բոլորին էլ կարող ես նվիրել. «Այն, թե ինչ գիրք ես նվիրում դիմացինիդ, քո մասին շատ բան կարող է ասել: Դա ամենալավ նվերներից է: Իմ կարծիքով՝ շատերը կուրախանան գիրք ստանալով»,- մեզ հետ զրույցում նշեց Աննան, ով գրախանութում արդեն մոտ կես ժամ գիրք էր ընտրում՝ իր սիրելիին նվիրելու նպատակով:

Գրախանութների աշխատակիցները նշեցին, որ այս օրը միշտ շատ ավելի շատ հաճախորդներ են այցելում գրախանութներ. «Գրախանութը հիմնականում ցերեկային ժամերին միշտ մարդաշատ է, սակայն, բնականաբար, եթե մի տոն առնչվում է գրքի հետ, ու գիրքն այսօր մեծ պահանջարկ է վայելում, երիտասարդությունը շատ է կարդում, էս պարագայում, բնականաբար, եռակի, քառակի, հնգակի ավելի շատ են մտնում գրախանութ»,- ասաց «Գրքերի Աշխարհ» գրախանութի վաճառքի մենեջեր Հասմիկ Բոյաջյանը: Նշենք նաև, որ տոնի կապակցությամբ նշյալ գրախանութի առջև կազմակերպվել էր մրցույթ-ծրագիր, որին կարող էին մասնակցել բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեին պատասխանել գրականությանն առնչվող մրցութային հարցերին: Հաղթողները հնարավորություն ունեին ընտրել բոլոր այն գրքերը, որոնք դրված էին մրցույթի համար նախատեսված սեղանիկի վրա: Մեզ հետ զրույցում մրցութավարը նշեց, որ մրցույթին հիմնականում մասնակցում են երիտասարդները. «Պետք է ասեմ, որ իմ սպասումները գերազանցված են, քանի որ մեր երիտասարդներն, իրոք, շատ գրագետ են ու կարդացած: Նրանք հիմնականում բոլոր հարցերին ճիշտ են պատասխանում: Ես հիացած եմ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս