
ՌԴ-ը ԵՄ-ին զգուշացրել է Ուկրաինային սեփական միջնորդությունը պարտադրելու փորձերի կապակցությամբ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան հանդես է գալիս Ուկրաինայում ստեղծված իրավիճակին արտերկրից հարկադրվող միջնորդական փորձերի դեմ.
«Մենք հաստատում ենք, որ իրավիճակը պետք է կարգավորվի Ուկրաինայի գործող իշխանությունների սահմանադրական լիազորությունների շրջանակներում և զգուշացնում ենք հարկադիր միջնորդական փորձերի համար: Այդպիսի փորձեր արդեն քանիցս նկատվել են:
Ինձ թվում է, թե մեր եվրոպացի գործընկերներն արդեն բավական շատ միջնորդություն են իրականացրել: Այսպիսի իրավիճակում բոլորին կոչ ենք անում Ուկրաինայի շահերը, Ուկրաինայի ժողովրդի շահերը վեր դասել սեփական աշխարհաքաղաքական մտադրություններից»:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ը հատուկ հայտարարություն էր տարածել Ուկրաինայի վերջին իրադարձությունների կապակցությամբ: