
Թուրքիան դեմ է Սիրիայի ռազմական գործողություններին ադրբեջանցիների մասնակցությանը. Դավութօղլու

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան դեմ է, որպեսզի ադրբեջանցիները մասնակցեն Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին:
Դավութօղլուն ընդգծել է, որ եթե ադրբեջանական կողմը հետախուզական տվյալներ հատկացնի երկրի այն քաղաքացիների մասին, որոնք մասնակցում են Սիրիայում ռազմական հակամարտությանը, ապա Թուրքիան կարող է կանխել այդ երկիր նրանց ներթափանցումը:
Դրա հետ մեկտեղ Դավութօղլուն նկատել է, որ Ադրբեջանի քաղաքացիները կարող են ազատորեն տեղաշարժվել Թուրքիայի տարածքում:
Միևնույն ժամանակ ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Սիրիայում պատերազմող մոջահեդների կայքերը, հայտնել է, որ մոջահեդները տարածել են Դամասկոսի նահանգում սպանված 27 ադրբեջանցիների լուսանկարներն ու տեսանյութ:
Լրատվամիջոցն ընդգծում է, որ ավելի վաղ ադրբեջանական մամուլը գրել էր Սիրիայում ադրբեջանցի մի շարք զինյալների զոհվելու մասին, սակայն ներկայացված դեպքերի մեծ մասը նորություն է նրանց համար: