
Չինացի զինվորները վերջին 20 տարում դարձել են ավելի բարձրահասակ և «չեն տեղավորվում» հին տանկերում

China Military Online պարբերականի փոխանցմամբ՝ չինական բանակի համար մի քանի տասնամյակ առաջ մշակված տանկերը բավական նեղ են ժամանակակից զինծառայողների համար: Նման եզրահանգման են եկել զինվորականները, որոնք 2009 թվականից հետազոտում են տվյալ խնդիրը:
Հետազոտության արդյունքներով պարզվել է, որ վերջին 20 տարում չինացի զինվորները միջին հաշվով դարձել են 2 սանտիմետրով ավելի բարձրահասակ, իսկ նրանց գոտկատեղն աճել է 5 սանտիմետրով: Դրա համար էլ, երբ նրանք հայտնվում են 30-ամյա վաղեմության տանկերում, նեղվածք են զգում:
Բացի այդ, ներկայիս զինվորականների համար հարմարավետ չեն հին հրացանները: Քանի որ դրանք չափազանց կարճ են, ուստիև խնդրահարույց է դարձել դրանցով նշանառու կրակ վարելը: Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 20.000 մարդ: Դրա ժամանակ հաշվի է առնվել նաև զինվորների մկանային ուժը՝ բանակի համար հետագայում ավելի հարմար ու համապատասխան զենք պլանավորելու համար: