Գործատուները 5%-ների հաշվին կողմնակի եկամուտնե՞ր են ստանում

Թեև Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել մինչև մարտի 28-ը չտուգանել նրանց, ովքեր չեն փոխանցելու պարտադիր կուտակային վճարները, ՀՀ Ֆինանսների նախարարությունը և ՊԵԿ-ը հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն: ՀՀ ֆինանների նախարար Դավիթ Սարգսյանն, ի պատասխան այն հարցին, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Ֆինանսների նախարարությունը ուշադրություն չի դարձնում ՍԴ որոշումը, նշեց, թե ինքը նման որակումներ չէր տա հարցին:

«Եթե դուք ծանոթացել եք մեր համատեղ հայտարարությանը, հղում է արված համապատասխան օրենքի կոնկրետ հոդվածի վրա, որը, ինչպես նաև մի շարք այլ հոդվածներ,  գործում են: Կոնկրետ այդ հոդվածը սահմանում է գործատուների պարտավորությունը` վճարել իրենց աշխատակիցների պարտադիր կուտակային վճարները: Այսօրվա դրությամբ, ճնշող մեծամասնությունը` գործատուների 99 տոկոսը, հաշվարկել է այդ գումարները և պահումներ է կատարել: Համաձայն օրնեսդրության` դրանից հետո, նրանք պարտավոր են փոխանցել գումարը գանձապետարանում բացված միասնական հաշվին: Հարց է ծագում՝ եթե իրենք պահել են իրենց աշխատակիցների գումարները, չեն վճարել և չեն վճարելու այդ հաշվին, ապա ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ գործատուն իր աշխատակիցներից գումար է պահել և կոպիտ ասած այդ գումարների գծով տոկոս է աշխատում բանկերում, այն դեպքում, որ եթե դրանք փոխանցված լինեն, այդ գումարնները կստանան արդեն աշխատակիցները: Այս առումով գործատուները կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության»,- նշեց նա:

Մանրամասնելով իր խոսքը՝ ֆինանսների նախարարն ասաց, եթե գործատուն պահել է իր աշխատակցից գումար՝ կուտակային կենսաթոշակի համար, բայց չի փոխանցել այն իրենց հաշվեհամարին, ապա իրենք կարող են ենթարկել այդ գործատուներին պատասխանատվության, ինչից հետո գումարները մուտք են գործում ոչ թե պետական բյուջե, այլ՝ աշխատակիցների հաշիվներին:

Հիշեցմանը, թե ՍԴ-ն ազատել է պատասխանատվությունից, ի՞նչ պատասխանատվության մասին է խոսքը, Դ. Սարգսյանն ասաց, թե իրավունք չունի մեկնաբանելու ՍԴ որոշումները, բայց իր «տարրական գիտելիքները իրավաբանության մասին» իրեն հուշում են, որ պատասխանատվությունը լինում է տարբեր տեսակի:

«Կա պատասխանատվություն, որ գործատուն կրում է պետության առջև, ինչի մասին դուք խոսում եք: Բայց կա նաև հետևյալ փաստը: Եթե գործատուն գանձել է գումարը, բայց պահել է իր հաշվին, իրավունք ունի՞ աշխատակիցը պահանջել իր կորսված եկամուտները, և արդյոք գործատուն դրա համար կրո՞ւմ է պատասխանատվություն իր աշխատակիների առջև: Պատասխանն այստեղ միանշանակ է՝ այո, կրում է նման պատասխանատվություն: Եվ պետությունն էլ, որպես աշխատողների իրավունքը պաշտպանող, հետևողական է լինելու, որպեսզի գործատուները  չպահեն աշխատողների գումարները և, կոպիտ ասած, չստանան իրենց աշխատողի գումարները»,- բացատրեց նախարարը՝ կրկին շեշտելով, որ գործատուն կենթարկվի պատասխանատվության, եթե չփոխանցի վճարները:

Տեսանյութեր

Լրահոս