«Կասես, պարոն Այվազյան, խնդրում եմ՝ մտցրու քառօրյա, ու ես երկրորդ օրը կմտցնեմ քառօրյա». Հանձնաժողովը մերժեց Արծվիկ Մինասյանին

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը առաջարկում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով` ուսումնասիրելու «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառները: Սակայն իշխող Հանրապետականը գտնում է, որ ժամանակավոր հանձնաժողովը նպաստելու է հարցի քաղաքական շահարկմանը:

Այսօր տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց այն դրույթները, որոնց համաձայն հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտություն կա, և առաջարկեց տալ դրական եզրակացություն, հարցը մտցնել քառօրյա: Պատգամավորը հայտնեց նաև, թե ինքը այս հարցով հանդիպել է ՀՀ էներգետիկայի նախարարի հետ, սակայն վերջինս ասել է, որ չի տեսնում հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտություն: Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նույնպես չհամաձայնեց Մինասյանի հետ: «Եկեք ավելորդ քաղաքական շահարկումների խնդրից դուրս գանք: Կծախեն` կծախեն, չէ` չէ… Այն, որ պատասխանատվություն պիտի կրեն, այստեղ երկու ձեռքով կողմ եմ, եթե այդ թվում՝ ես պիտի պատասխան տամ, կամ դուք պիտի տաք, դրան էլ եմ համաձայն, ով որ ձեռքը դնում է, պիտի ձեռքը կտրվի, դա ցանկացած տեղի մասին է»,- ասաց նա:

Վ. Այվազյանը նշեց, որ հիմա ընթանում են բանակցություններ «Նաիրիտը» վաճառելու շուրջ, և հանձնաժողովի ստեղծումը կարող է խանգարել բանակցությունների ընթացքին: «Գիտեք, բոլորը գիտեն, հրապարակային է, որ բանակցություններ կան, ու հիմա դարձնել քաղաքական շահարկման թեմա՞, որ ամեն մի հասկացող կամ ինադու չհասկացող հելնի ասի՝ այ սենց եք արել… Ես առաջարկում եմ հետաձգենք»,- ասաց Այվազյանը:

Մինասյանին դիմելով՝ նա հետարքրքվեց. «Իմ աածի վրա չե՞ք կասկածում, չէ՞», ինչին հետևեց ՀՅԴ պատգամավորի բացասական պատասխանը: «Դե որ չեք կասկածում, եկեք հանենք, որ օրը կուզեք, որ օրը բանակցությունները կվերջանան, մի զանգ կանես՝ կասես, պարոն Այվազյան, խնդրում եմ՝ մտցրու քառօրյա, ու ես երկրորդ օրը կմտցնեմ քառօրյա: Ըհը, այսքանի մոտ ասում եմ»,- շարունակեց Վարդան Այվազյանը՝ նշելով, որ բանակցությունների ավարտին մնացել է առավելագույնը երկու ամիս:

Արծվիկ Մինասյանն էլ հակադարձեց՝ նշելով, որ հարցը քաղաքական շահարկման համար չի արվում: «Պարոն Այվազյան, մենք իրար հետ աշխատել ենք այս ուղղությամբ, և առաջարկ եղավ, որ մինչև տարվա վերջ, քանի որ բանակցություններ են գնում, հարցը չդառնա քննարկման թեմա: Պայմանավորվածությունը պահեցինք: Ներկայացվեցին արդյունքները և քանի որ անորոշ ժամկետի մասին է խոքը, իսկ այս հարցերը աշխատակիցների համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում, որոնք բողոքի ակցիաներ են անում… Հավատացնում եմ, որ սրանից ավելի մեծ ինֆորմացիա ունեն գնորդները, որոնք բանակցությունների մեջ են: Հիմա ասում եք՝ չքննարկենք, որ գնորդները հուշտ չլինեն, բայց դա տրամաբանական չէ, որովհետև իրենք ավելի մեծ ինֆորմացիա ունեն»,- հիշեցրեց Ա. Մինասյանը:

Նա էլ իր կողմից առաջարկեց՝ հարցը մտցնել օրակարգ, բայց քննարկել աշնանը: Այվազյանը հավանության չարժանացրեց ՀՅԴ պատգամավորի առաջարկը՝ նշելով, թե այդ ժամանակ էլ իրենք ամեն քառօրյայի ժամանակ կհարցնեն, թե ինչո՞ւ օրակարգ չի մտնում:

Այվազյանը շեշտեց, թե քաղաքական շահարկումները իրենց համար ընդունելի չեն և հիշեցրեց. «Դիլիջանում դպրոց էին կառուցում, հիմա էլ են կառուցում, բայց տեսա՞ք՝ ոնց բերեցին դա կապեցին օֆշորային պատմության հետ: Սա քաղաքական շահարկում է: Մարդը բերել, փող ա դնում էս երկրում, որ ուսումնասկանա դպրոց սարքեն, ասում ա, որ գոնե հարկերը հանեն, բերեցին կապեցին, թե դրսում փող են գցել, դա էլ էս փողն ա… Երբ գնում ա քաղաքական շահարկում, ասում եմ՝ հեռու գնա»:

Մինասյանն էլ ասաց, թե քաղաքական շահարկումները վերացնելու լավագույն տարբերակը հանձնաժողով ստեղծելն է, ապա  ՀՅԴ պատգամավորը նշեց,  թե ինքը հասկանում է ՀՀԿ-ական պատգամավորի մտահոգությունը: Այվազյանն այստեղ չհամաձայեց. «Ես մտահոգություն չունեմ,  հանգիստ եղի, ոչ Նաիրիտում եմ աշխպատել, ոչ էլ էդ փողերն եմ ստացել, դու արխային գնա առաջ»: Մինասյանն էլ խոսքը ուղղեց. «Ես հասկանում եմ ձեր առաջարկը, բայց եկեք մտցնենք քառօրյա, անդրադառնանք հարցին աշնանը»:

Հանձնաժողովը չընդունեց Ա. Մինասյանի առաջարկները:

Տեսանյութեր

Լրահոս