Յանուկովիչի համար ռուսական պոտենցիալ վրեժխնդրությունը զգալիորեն գերազանցում է Արևմուտքի օգուտները. WSJ
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականն անդրադարձ է կատարել Ուկրաինայի վերջին զարգացումներին. «Ուկրաինայում տիրող իրավիճակը ձեռք է բերում անհրապույր ընթացք: Ընթացիկ իրադարձությունները հերթական բախումներն էին Ռուսաստանի հետ Յանուկովիչի կառավարության մերձեցման պատճառով:
Ռուսաստանի ԱԳՆ-ը տեղի ունեցածի համար մեղավոր է համարել արևմտյան քաղաքական գործիչներին ու եվրոպական կառույցներին: Դա կրկնում է Պուտինի այն հայտարարությունը, թե «Արևմուտքը միջամտում է հետխորհրդային երկրների ներքին գործերին»:
Սակայն դա ամենևին այդպես չէ: Նոյեմբերին որպես խաղաղ եվրոպամետ շարժում մեկնարկածի դեգրադացիան այն բանի մռայլ, ակնառու օրինակն է, թե ինչ կարող է պատահել, երբ Արևմուտքը չի միջամտում: ԵՄ-ի արևելաեվրոպական երկրները կողմնակից են, որ Ուկրաինային առաջարկվի ֆինանսական օգնություն ու ԵՄ-ին անդամակցելու ուղի:
Սակայն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պաշտոնատար անձինք մերժեցին այդ գաղափարը՝ հայտարարելով, որ Ուկրաինան առաջին հերթին պետք է արժանի լինի դրան՝ իրականացնելով բարեփոխումներ: Յանուկովիչի կառավարության համար հաշվարկը հստակ է. այդ բարեփոխումների համար ռուսական պոտենցիալ վրեժխնդրությունը զգալիորեն գերազանցում է արևմտյան «պարգևների» օգուտները:
Եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ը չցուցաբերեն ավելի մասշտաբային օգնություն, ապա ուկրաինացի արևմտամետ դեմոկրատները երբեք չեն հասնի իրենց նպատակներին և հնարավոր է՝ կկործանվեն:
Անցած գիշեր Կիևում Պուտինի մարդը (Յանուկովիչ) վերստին ապացուցեց, որ հանուն իր կաշվի փրկության, պատրաստ է դիմել բռնության: Սակայն ԱՄՆ-ն ու ԵՄ-ը միայն սպառնացել են պատժամիջոցներով: Էլ ե՞րբ, եթե ոչ հենց հիմա: Որքան երկար հապաղեն ԱՄՆ-ն ու ԵՄ-ը, այնքան կխորանա ուկրաինական ճգնաժամը»: