Պուտինն Ուկրաինայի հարցում գործում է «հաղթողին բաժին է ընկնում ամեն ինչ» սկզբունքով. The Washington Post
Ամերիկյան The Washington Post թերթն անդրադարձել է Ուկրաինայի վերջին իրադարձություններին. «Ուկրաինայի բռնություններն ի ցույց են դնում բանակցությունների միջոցով հարցի կարգավորման անհրաժեշտությունը:
Հասկանալի չէ, թե հակամարտող կողմերից որ մեկն է առաջինը կիրառել ուժ, սակայն հարցի լուծման քաղաքական տապալման մեղավորը Յանուկովիչն է, ով հետքայլ է կատարել ընդդիմության հետ բանակցությունների ժամանակ: Իշխանությունները երեկ հիմար վերջնագիր են ներկայացրել՝ որոշելով «Բերկուտին» ուղարկել «Մայդանը» գրոհելուն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գոհ է: Նա համառորեն խաղն առաջ է տանում «հաղթողին բաժին է ընկնում ամեն ինչ» սկզբունքով՝ նպատակ հետապնդելով Ուկրաինան դնել ռուսական գերակայության տակ՝ վնասելով ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ նրա հարաբերություններոին:
Եվ, այնուամենայնիվ, քաղաքական կարգավորումը հնարավոր է, քանի որ այն միակ ելքն է ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար: Փողոցային մարտերն ապացուցեցին, որ Ուկրաինան կլինի անղեկավարելի, եթե Յանուկովիչը չհամաձայնվի կատարել քաղաքական ու տնտեսական բարեփոխումների իրագործմանն առնչվող ընդդիմության պահանջները:
Եթե նա չհաշտվի տվյալ փաստի հետ և դուրս չբերի անվտանգության ուժերը, ապա արևմտյան երկրների կառավարությունները պետք է պատրաստվեն պատժամիջոցներ սահմանելուն, որոնցով նրանք արդեն իսկ սպառնացել են»: