
Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կանցկացվի Կարսում

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գյանջայում (Գանձակ) ավարտվել է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Մայա Փանջիկիձեի, Ահմեթ Դավութօղլուի ու Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպումը:
Հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրել են հռչակագիր: Հանդիպումն անցել է դռնփակ պայմաններում: Սա երեք երկրների արտգործնախարարների թվով երրորդ եռակողմ հանդիպումն էր:
Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումը կանցկացվի Կարս քաղաքում: Այս մասին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ահմեթ Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների առաջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականի հունիսի 8-ին, Տրապիզոնում: Իսկ նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2013 թվականի մարտին, Բաթումում, որի ժամանակ երեք երկրների արտգործնախարարներն ընդունեցին 2013-2015 թվականների միջգերատեսչական համագործակցության պլանը: