Բաժիններ՝

«Ոնց որ գող լինենք, չենք կարողանում 2-րդ մեքենա ներկրել՝ ԱԱՀ պատճառով». Ավտոներկրողների միության նախագահ

«2009թ. ԱԱՀ օրենքով սահմանվեց, որ երկորդ մեքենան կամ բնակարանը 1 օրացուցային տարում վաճառելիս դիտարկվում է ձեռնարկատիրություն և պետք է վճարել ավելացված արժեքի հարկ: Բայց մենք արդեն մաքսատուրք և հարկեր ենք վճարում, ու քանի որ հարկային դաշտում ձևավորված չենք, երկրորդ մեքենա ներկրել չենք կարողանում, կամ պետք է ուրիշի անունով ներկրենք: Ոնց որ հիմա գող լինենք, չենք կարողանում 2-րդ մեքենա ներկրել՝ ԱԱՀ պատճառով: Մենք տնտեսություն ենք զարգացնո՞ւմ, թե՞ ինչ»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը՝ նշելով, որ հանրապետության ավտոներկրողները պահանջում են լիցենզավորել իրենց բիզնեսը և մտնել հարկային դաշտ, քանի որ անկախությունից ի վեր իրենք գործում են հարկային դաշտից դուրս:
Ըստ նրա՝ իրենք առաջարկում են օրենքի փոփոխությամբ ավտոմեքենաների ներկման համար տարեկան վճար սահմանել: Տ.Հովհաննիսյանի խոսքով՝ անցած տարի 40-50 հազար մեքենա է ներկրվել, որից մեծ մասը՝ նոյեմբեր-դեկտեմբերին, քանի որ ՄՄ անդամակցության հետևանքով ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանալու է և ներկրողները ակտիվացել են: Բանախոսը նշեց, որ մեքենայի վաճառքով զբաղվում են բոլորը՝ թե´ հայտնի բիզնեսմենները, թե´ իշխանավորները, թե´ անհատները, բայց ՄՄ մտնելուց հետո «մանրերը» կվերանան և կմնան խոշորները:

«Մեզ աչքաթող են արել, պահանջում ենք, որ մտնենք հարկային դաշտ, բյուջեն մոտ 10 մլն դոլար գումար կմտնի: Հարկային մարմիններում կանչում են մեզ ու ռեկետ են իրականացնում, որովհետև մարդը 2-րդ, 3-րդ մեքենան է բերում: Ասում են՝ քննիչի ձեռքը կտամ: Բայց հարկային մարմինների տղաները խղճով տղաներ են, մեղք են և´ հարկային մարմինները, և´ մեր տղերքը»,- ասաց Տ.Հովհաննիսյանը:

Հարցին, թե ինչո՞ւ ավտոներկրողները չեն գրանցվում որպես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, եթե այդքան փափագում են հարկային դաշտ մտնել, ավտոներկրող Արայիկ Գրակչյանը պատասխանեց, թե չեն գրանցվում, որովհետև այդ դեպքում էլ պետք է 20% ԱԱՀ վճարեն. «Հացի խնդիր կա: Ոչ մեկը գերշահույթներ չի ստանում: Մենք ուզում ենք՝ ինչպես Վրաստանում է, որոշակի գումար սահմանվի, որ վճարենք բյուջե»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս