Հայաստանում չի կարող լինել արտառոց գնաճ. Էկոնոմիկայի նախարար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օրերս վստահեցրել էր, որ Հայաստանում կտրուկ գնաճ լինել չի կարող՝ անկախ նրանից` Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, թե ոչ: Ընդդիմադիր գործիչներն այս առնչությամբ հիշեցնում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի հայտարարություննները և նշում, թե այս առնչությամբ հակասական հայտարարություններ են արվում: 168.am-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից հետարքրքվեց, թե արդյոք իր և նախագահի հայտարարություններում հակաություն չկա՞: Ի պատասխան՝ նախարարը ասաց. «Ես չեմ ասել, թե գնաճ է սպասվում: Ես ասել եմ, որ առավելագույն գնաճ չի կարող լինել: ՀՀ-ում հիմա էլ գնաճ կա՝ հինգ տոկոսի շրջանակներում: Նախագահը բացառել է արտառոց գնաճը, և դա միանշանակ այդպես է, չի կարող լինել արտառոց գնաճ Հայաստանում»: Ինչ վերաբերում է մաքսատուրքերի ցանկին, Վահրամ Ավանեսյանն ասաց, թե ցուցակը դեռ չի հաստատվել, ուստի դեռ պարզ չէ՝ որ ապրանքատեսակներն են թանկալու: Անդրադառնալով այն խոսակցություններին, թե թանկանալու է դեղորայքի, շաքարավազի գինը, Վահրամ Ավանեսյանն ասաց. «Չէ, միանշանակ կարող եմ ասել, որ որևէ բան չկա, թե անպայման որևէ ապրանք բարձրանալու է: Այսօրվա վիճակով մենք նման տեղեկատվություն չունենք»: Ըստ նրա՝ ցանկը կհաստատվի առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում: Հարցին, թե արդյոք հետ չե՞նք մնում ՄՄ անդամակցության ժամկետներից, երբ ճանապարհային քարտեզն արդեն հաստատված է, ՌԴ-ն էլ «հիացած» է Հայաստանի անդամակցության տեմպերով, Վահրամ Ավանեսյանը պատասխանեց. «Ոչ, ժամկետներից մենք հետ չենք մնում»:

Տեսանյութեր

Լրահոս