
ՌԴ Պետդումային է ներկայացվել ներգաղթյալների աշխատանքային գործունեության մասին օրինագիծ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ Պետդումային է ներկայացվել մի օրինագիծ, որի համաձայն, ներգաղթյալներին չի տրվի երկրի տարածքում աշխատելու թույլտվություն, եթե նրանք չնշեն, որ հենց աշխատանքային գործունեությունն է հանդիսանում Ռուսաստան ժամանելու իրենց նպատակը:
Նախաձեռնության հեղինակը Պետդումայի՝ անվտանգության ու կոռուպցիային դիմակայելու հանձնաժողովի նախագահ Իրինա Յարովայան է, ով ներկայացնում է իշխող «Եդինայա Ռոսիյա» կուսակցությունը: Նա ընդգծել է, որ նոր օրինագծի ընդունումն անհրաժեշտ է, որպեսզի հստակեցվի աշխատանքային ներգաղթյալի կարգավիճակը:
Նա մանրամասնել է, որ նոր օրինագիծը Ռուսաստան ժամանող ներգաղթյալին կպարտադրի միգրացիոն քարտում որպես այցի նպատակ նշել «աշխատանքը»: Սրանից առաջ էլ Յարովայան առաջ էր քաշել մեկ այլ օրինագիծ, ըստ որի՝ որքան երկար ժամկետով է ներգաղթյալը խախտում Ռուսաստանի տարածքում մնալու թույլատրելի ժամկետը, նույնչափ ժամկետով նրան կարգելվի Ռուսաստան մուտք գործելը.
Պատգամավորն ընդգծել է. «Մենք չենք կարող և չպետք է ընկնենք ներգաղթյալների հետևից, բռնենք նրանց ու արտաքսենք երկրից»: