
Ադրբեջանի ՊՆ-ը հերքել է, որ Զաքիր Հասանովը ծանոթ է Ֆեթհուլլահ Գյուլենի հետ (աուդիոձայնագրություն)

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ը մեկնաբանել է մի շարք ԶԼՄ-ների կողմից տարածած աուդիոձայնագրությունը, որում ներկայացված է ԱՄՆ-ում բնակվող հասարակական-կրոնական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի և Թուրքիայի արդյունաբերողների ու ձեռնարկատերերի կոնֆեդերացիայի (TUSKON) գլխավոր քարտուղար Մուսթաֆա Գյունայի հեռախոսազրույցը: Հեռախոսազրույցի ժամանակ Գյուլենն ու Գյունայը հիշատակում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի անունը:
Մասնավորապես, հիշատակվում է 2013 թվականի հոկտեմբերին Զաքիր Հասանովին Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելը, ինչի հետ կապված՝ ոմն Հիդայաթ Քարաջա հայտարարել է, որ մտադիր է այցելել Բաքու և շնորհավորել նրան՝ այդ նշանակման կապակցությամբ: Գյուլենին զեկուցում են, որ Զաքիր Հասանովը Գյուլենական շարժման հանդեպ բարեկամաբար տրամադրված և շարժման համար հետարքրություն ներկայացնող մարդ է:
Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Զաքիր Հասանովը ծանոթ չէ տվյալ անձանց հետ, որ նրա անունով չի ստացվել որևէ շնորհավորանք, և որ նա տվյալ իրավիճակը որակում է որպես «սադրանք»: