Բաժիններ՝

ՀՀ համար ձեռնտու չէ ՄՄ-ի «3+1» ֆորմատը

Մաքսային միությունը մոդելով շատ նման է խորհրդային կարգերին և Հայաստանի համար ձեռնտու չէ «3+1» ֆորմատի մեջ ընկնել: Նման հայտարարություն այսօր ասուլիսի ժամանակ արեց Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ ՄՄ հետ կապված պարզեցում կլինի մայիս-հունիսին, թե Հայաստանում ինչն է էժանանում, ինչն է թանկանում: Գ.Մակարյանը նշեց, որ ԵՄ հետ ՀՀ-ի հարաբերությունները, կարծես, նոր ուղիով են զարգանում, բայց ԵՄ-ն ինչ ռազմավարություն կընտրի՝ կօգնի մեղմել ՌԴ ճնշումները, թե կփորձի ՌԴ-ի հետ ներքաշել եվրոպական գործընթացների մեջ:

Գ.Մակարյանը մտահոգություն հայտնեց ՌԴ-ում 170 հազար հայ միգրանտների ճակատագրի վերաբերյալ, որ հայտնի չէ, և եթե նույնիսկ նրանց կեսը վերադառնա ՀՀ, դա լրջորեն կազդի մեր գործազուրկների թվի վրա, կնվազեն տրանսֆերտները, ընտանիքների եկամուտները կնվազեն և աղքատության մակարդակը կարձրանա. «Միգրացիայի խնդրի հետ կապված հայկական կողմի համար կարծես բացառություն չի արվում»:

«Այս իրավիճակում կարևոր է մեր կառավարության ճկունությունը, բայց այն հույս չի ներշնչում: Բոլորը հանգիստ կեցվածք ունեն, բայց անորոշ է՝ իրենք խորությամբ գիտակցո՞ւմ են ու պատրաստ են, դրա՞ համար են հանգիստ, թե՞ պարզապես հանգիստ են»,- ասաց Գ.Մակարյանը:

Ըստ նրա՝ անընդունելի է ՌԴ կողմից տրված կոնսպեկտի վրա աշխատելը և ոչ թե ՌԴ-ն պետք է ցուցակ տա, այլ ՀՀ-ն էլ իր ցուցակը պետք է ներկայացներ, որ եթե ինչ-որ բան ՀՀ-ին չի գոհացնում, իրենք փոխեն իրենց մաքսատուրքերը: Այսինքն՝ հավասարի սկզբունք չկա: Ընդ որում, Մակարյանի կարծիքով, ներկայացված ցուցակը շատ հմտորեն է կազմված, կարծես իրենք ավելի լավ գիտեն ՀՀ տնտեսությունը:

Միության նախագահի գնահատմամբ՝ մրցունակության հարցը բացակայում է օրակարգից, մինչդեռ ՄՄ կաննոնների շրջանակում ՀՀ-ն ստիպված է լինելու վերցնել այն, ինչ կտան, բայց դրա որակի մասին չի խոսվում. «Գնաճն արհեստականորեն կչեզոքացնեն՝ բերելով այնպիսի ապրանքներ, որոնք ՄՄ երկրներում են, բայց վատ որակի»:

Անդրադառնալով ՄՄ կազմում ՀՀ դրամի կայունությանը՝ Մակարյանը նշեց, որ դա պայմանավորված է արտարժույթի հոսքերով. «ՄՄ դեպքում ռուբլու գործոնը կուժեղանա: Դրանով ՌԴ-ն ռուբլու կայունացման խնդիր է դրել, ռուբլին որոշակի հակակշիռ կլինի ԱՄՆ դոլարին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս