Սնոուդենն ընտրվել է Գլազգոյի համալսարանի ուսանողական ռեկտոր
BBC News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն ընտրվել է Գլազգոյի համալսարանի ուսանողական ռեկտոր: Սնոուդենն այդ պաշտոնում ներկայացնելու է ուսանողների շահերը, ընդ որում, նա կարող է դա անել՝ գտնվելով Ռուսաստանում:
Գլազգոյի համալսարանի ուսանողներն իրենց ռեկտորին ընտրում են երեք տարին մեկ անգամ: Սովորաբար տվյալ պաշտոնը զբաղեցնում է հանրահայտ քաղաքական կամ հասարակական գործիչ, օրինակ ապարտեիդի դեմ պայքարի առաջամարտիկ Նելսոն Մանդելայի նախկին կին՝ Վիննի Մանդելան կամ իսրայելցի ֆիզիկոս-ատոմագետ Մորդեխայ Վանունուն:
Թեկնածուին ռեկտորի պաշտոնում առաջադրելուց առաջ նախապես պետք է ստանալ նրա համաձայնությունը: Սնոուդենը հունվարի վերջին իր փաստաբանի միջոցով հայտնել էր, որ պատրաստ է զբաղեցնել տվյալ պաշտոնը: Քվեարկության առաջին փուլում Սնոուդենի թեկնածությունն աջակցել է 3124 ուսանող, իսկ երկրոր փուլում՝ 3347 ուսանող: Սնոուդենի մերձակա մրցակից, Շոտլանդական եպիսկոպոսական եկեղեցու քահանա Քելվին Հոլդսուորտը հավաքել է միայն 1563 ձայն: