
Աբդուլլահ Գյուլը հաստատել է համացանցում գրաքննություն անցկացնելու մասին օրենքը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հաստատել է համացանցում գրաքննություն անցկացնելու իրավունք տվող օրենքը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Գյուլն ընդգծել է, որ վերջին օրերին սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր իր ուշադրությունը հրավիրել են այդ օրենքի վրա՝ փորձելով կանխել դրա ընդունումը:
Թուրքիայի խորհրդարանը մեկշաբաթյա քննարկումներից հետո փետրվարի 5-ին հավանության էր արժանացրել համացանցում գրաքննություն անցկացնելու մասին օրինագիծը: Այն իշխանություններին հնարավորություն է տալիս փակել ինտերնետային ռեսուրսի մուտքը՝ առանց նախապես դատարանի որոշումը ստանալու: Դա հարուցել էր թե՛ տեղի իրավապաշտպանների, թե՛ օտար երկրների ու կառույցների դժգոհությունը: