Վիկտոր Յանուկովիչը տեսաուղերձով դիմել է ժողովրդին
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը տեսաուղերձով դիմել է ժողովրդին՝ հայտարարելով, որ որ իրեն փորձել են համոզել գնալ քաղաքական ճգնաժամի կարգավորման ուժային տարբերակին, սակայն ինքն ընտրել է երկխոսելու ուղին:
Յանուկովիչն ընդգծել է, որ ընդդիմության առաջնորդները հանդիսանում են Կիևում գրանցված բախումների ու սպանությունների նախաձեռնողները. «Չունենալով դրա համար ժողովրդի մանդատը, այդ այսպես կոչված քաղաքական գործիչները, ապօրինի ձևով, խախտելով Ուկրաինայի Սահմանադրությունը, դիմել են ջարդերի, հրդեհման ու սպանությունների՝ փորձելով զավթել իշխանությունը:
Նրանք անցան սահմանը, երբ մարդկանց զինվելու կոչ արեցին: Դա օրենքի աղաղակող խախտում է: Այդ օրինախախտները պետք է կանգնեն դատարանի առաջ, որը կորոշի նրանց պատժաչափը»:
Յանուկովիչն ընդդիմության առաջնորդներին կոչ է արել անհապաղ բաժանվել այն արմատական ուժերից, որոնք սադրում են արյունահեղություն և իրավապահ մարմինների հետ բախումներ. «Կամ էլ, եթե նրանք չեն ցանկանում հեռանալ, ապա պետք է ընդունեն, որ աջակցում են արմատականներին: Եվ այդ ժամանակ նրանց հետ կտարվի այլ զրույց»: