
Իրինա Ռոդնինային մերժել են ամերիկյան վիզայի հարցում

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի դեսպանատունն ամերիկյան վիզայի ժամկետի երկարաձգման հարցում մերժել է Իրինա Ռոդնինային: Դեսպանատան պաշտոնական կայքում նշված է, որ Ռոդնինան անցանկալի հյուր է ԱՄՆ-ի համար՝ կապված ինչպես երկրի նախագահի, այնպես էլ շարքային ամերիկացիների հասցեին նրա արած ոչ կոռեկտ ու ռասիստական հայտարարությունների հետ:
Հայտարարության մեջ առանձին նշված է, որ Իրինան հանդիսանում է ռուս քաղաքական գործիչ, ով հետևողականորեն հանդես է գալիս Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բոլոր ոլորտներում վերահսկողության ուժեղացման օգտին, ինչը մասնավորապես վերաբերում է ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից ռուս երեխաների որդեգրմանը:
Դեռ հայտնի չէ գեղասահորդուհու արձագանքն այդ մերժմանը: Ներկայումս ԱՄՆ-ում ապրում է նրա դուստրը, ինչպես նաև գործում է գեղասահքի դպրոց: Պատգամավոր, օլիմպիական եռակի չեմպիոնուհի Ռոդնինան պարզաբանել է, որ այլ անձինք նախորդ տարի կոտրել են Twitter-ի իր էջը, ինչից հետո էլ դրանում հայտնվել են այն լուսանկարները, որոնց շատերը համարել են ռասիստական: