Բաժիններ՝

Գազի կալորիականության համատեղ ստուգաչափումների գործընթացը կշարունակվի

Հասարակական կազմակերպությունների և «ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերության կողմից Հայաստանում գազի կալորիականության համատեղ ստուգաչափումների գործընթացը կշարունակվի: Այս մասին 168.am-ին ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը՝ միաժամանակ հավելելով, որ այնուամենայնիվ դրա կարիքը առանձնապես չկա:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում գազի կալորիականության վերաբերյալ երեկ կազմակերպված քննարկումից հետո փոքրաթիվ խումբ՝ ՀԿ-ների, ԶԼՄ-ների և ընկերության ներկայացուցիչներ, ստուգաչափում է իրականացրել Երևանի Դավիթաշեն համայնքի բնակարաններից մեկում և գազի կալորիականությունը եղել է սահմանված նորմայից բարձր՝ 8200 Կկալ:

Մեզ հետ զրույցում «Հասարակական պաշտպանների միություն» ԻԱՄ նախագահ Արամ Գրիգորյանը և «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը միաձայն նշեցին, որ նման ստուգաչափումները պետք է իրականացվեն առանց մատակարարի գիտության, հանրապետության տարբեր վայրերում, օրվա տարբեր ժամերի և պատահականության սկզբունքով, իսկ «ՀայՌուսգազարդի» գիտությամբ, առավել ևս մասնակցությամբ, այդ ստուգաչափումը երբեք ոչ մի շեղում չի բացահայտի:

Հիշեցնենք, որ մատակարար ընկերությունը պնդում է, որ ՌԴ-ից ՀՀ ներկրվող բնական գազի որակական հատկանիշները համապատասխանում են գործող միջպետական ստանդարտին՝ ԳՕՍՏ 5542-87, որի համաձայն՝ ՀՀ սպառողներին մատակարարվող 1 խորանարդ մետր բնական գազի ջերմատվությունը չի կարող լինել 7600 Կկալ-ից ցածր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս