ՌԴ ԱԳՆ-ն ուկրաինական ընդդիմությանը կոչ է արել հրաժարվել սպառնալիքներից ու վերջնագրերից
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ կապված Կիևի կենտրոնում այսօր տեղի ունեցած իրադարձությունների հետ.
«Տեղի ունեցածը հանդիսանում է արևմտյան այն աքաղաքական գործիչների ու եվրոպական կառույցների կողմից ամենաթողտվության հետևանք, որոնք ճգնաժամի սկզբից աչք են փակել Ուկրաինայի արմատական ուժերի ագրեսիվ գործողությունների վրա՝ դրանով իսկ խրախուսելով դրանց էսկալացիան ու օրինական իշխանությունների հանդեպ սադրանքները»:
Հայտարարությում ընդգծվել է, որ Կիևի կենտրոնում վերստին կտրուկ սրվել է իրավիճակը. «Զինյալները, որոնց ընդդիմության առաջնորդներն անվանում են «խաղաղ ցուցարարներ», ծեծել են իրավապահներին, քարեր են նետել նրանց վրա, այրել են ավտոմեքենաներ, ավերել են դեղատուն, հարձակվել են Ռեգիոնների կուսակցության շտաբ-նակարանի վրա, շրջաափակել են Գերագույն ռադայի շենքը:
Պատգամավորներին ներկայացվել են վերջնագրերի տեսքով պահանջներ: Ընդդիմությունն արդեն իսկ չի վերահսկում իրավիճակն իր շարքերում: Ուկրաինական ընդդիմությանը վերստին կոչ ենք անում հրաժարվել սպառնալիքներից ու վերջնագրերից և ծավալել իշխանությունների հետ բովանդակային երկխոսություն՝ երկիրը խորը գնաժամից դուրս բերելու ուղիները փնտրելու համար»: