
Ուկրաինական ընդդիմությունը հայտնել է 3 զոհի ու 150 վիրավորի մասին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Կիևի կենտրոնում գրանցված բախումների հետևանքով տուժել է 150 ընդդիմադիր: Այս մասին հայտնել են տուժածներին օգնություն ցուցաբերած բժիշկները: Ավելի վաղ տեղի ԶԼՄ-ները հայտնել են տասնյակ տուժածների մասին՝ թե՛ ընդդիմության, թե՛ իրավապահների շրջանում:
Ընդդիմադիրների շրջանում բժիշկների օգնությանն են դիմել գազից թունավորվածներն ու ռետինե փամփուշտներից վիրավորվածները: Ուկրաինայի ՆԳՆ-ն իր հերթին հայտնել է, որ բախման ժամանակ վիրավորվել է ներքին զորքերի 37 մարտիկ, որոնցից 5-ը ստացել են հրազենային վնասվածքներ:
Ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավոր Լեսյա Օրոբեցը Facebook-ի իր էջում գրել է Կիևում տեղի ունեցած բախումների հետևանքով երեք ակտիվիստի զոհվելու մասին: Նա հավելել է, որ ևս 7 ակտիվիստ գտնվում է մահամերձ վիճակում: