Ի՞նչ կփոխվի հարևանների հետ ՀՀ-ի հարաբերություններում՝ ՄՄ-ին անդամակցությունից հետո
Վրաստանի և Հայաստանի միջև ներկայումս գործող ազատ առևտրի ռեժիմը կպահպանվի Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցությունից հետո: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Սակագնային կանոնակարգման աշխատանքային խմբի և Առևտրի համաշխարհային կազմակերպության և երրորդ երկրների միջև առևտրային քաղաքականության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Գարեգին Մելքոնյանը, Վրաստանի հետ որևէ փոփոխություն չի նախատեսվում, ընդ որում՝ ՄՄ երկրներն իրենք ազատ առևտրի ռեժիմ ունեն Վրաստանի հետ:
Իրանի հետ Հայաստանն ունի առավել բարենպաստության ռեժիմ, այսինքն՝ այդ երկրին տրվում է ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան որևէ այլ երկրի. «ՄՄ երկրները նույնպես ունեն նման ռեժիմ Իրանի հետ և այստեղ էլ փոփոխություն չի լինի»:
Թուրքիայի հետ Հայաստանը ներկայումս որևէ երկկողմ իրավական փաստաթուղթ չունի, իսկ ՄՄ-ն, որպես կառույց, Թուրքիայի հետ ունի որոշակի առևտային ռեժիմ և, լինելով ՄՄ անդամ, Հայաաստանն էլ կունենա որոշակի առևտրային ռեժիմ. «Թուրքիային տրվում է GSP համակարգը, որը ենթադրում է, որ մաքսատուրքերի դրույքաչափերի նկատմամբ այդ երկրները պետք է ունենան փոքր-ինչ իջեցված դրույքաչափ: ՀՀ-ին դա ձեռնտու չէ կիրառել, որպեսզի մաքսատուրքերի արտոնյալ իջեցում չկատարենք»: