Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին ժամանակ է տալիս. Արժե ապրել մինչև ապրիլ և հավերժող բյուր գարուններ (տեսանյութ)

«Ժողովրդի իրավունքից իրավունք չունեմ խոսելու անգամ ես, որ վստահության քվե եմ ստացել»,-այս մասին այսօր Անի պլազա հյուրանոցում, ազգային տարեկան ուղերձի ընթերցման ժամանակ հայտարարեց Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հայտարարեց, թե իրենք իրենց ստացած վստահության քվեն  գիտակցաբար հանձնել են ժողովրդին:

«Մենք գիտակցաբար,  դափնիներից հեռու մնալու դիտավորությամբ, ոչ թե սեփականաշնորհեցինք վստահության քվեն՝  այն մերը դարձրինք, կուսակցականացրինք, այլ հակառակը՝ այս վստահության քվեն վերադարձրինք ժողովրդին, որպեսզի հուզական մի ակնթարթում այն չմսխվի, որպեսզի ճիշտ ժամին, ճիշտ տեղում հաղթանակի ամրագրումը պատկանի միայն հայ ժողովրդին»,- նշեց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե անմիջական հրամայական է դարձել սահմանադրական հեղափոխությունը: «Անմիջական հրամայական է դարձել, մեր ժողովրդի օրինավոր մեծամասնության հետ մեկտեղ իրականացնել սահմանադրական հեղափոխություն՝ քաղաքական, քաղաքացիական շահագրգիռ ուժերի ամենալայն մասնակցությամբ՝ հանուն ազգային շահի, ինքնիշխանության, ազատության, հանուն մեր սուրբ նահատակների, թող ոչ մեկ չհեգնի, ու մեր երեխաների: Օդ ու ջրի նման անհրաժեշտություն կա  միացյալ հրապարակի կայացումը և այս չընտրված իշխանությունների հեռացումը մինչև վերածննդյան ապրիլի 9-ը: Հասկացեք ուղղակի, թե փոխաբերական, բայց բոլոր դեպքերում կեղծիքի ոտքերը կարճ են, և սա ազգային-պետական օրակարագի հիմնական պահանջն է»,- նշեց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց, թե այն ինչ կիսատ է մնացել պետք է լրացնել միասնաբար: Նա կոչ արեց. «Սիրտ արեք, ճշմարտությունն այնտեղ է բնակվում և գալու է Սևակի պատգամած մեր հինգերորդ եղանակը: Ուրեմն, արժե ապրել մինչև ապրիլ և հավերժող բյուր գարուններ: Միայն միությամբ կա հայոց փրկություն»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս