
Կլիչկոն Յանուկովիչից պահանջել է անհապաղ հայտարարել վաղաժամ ընտրությունների մասին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Վիտալի Կլիչկոն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչից պահանջել է անհապաղ հայտարարել խորհրդարանական ու նախագահական ընտրություններ անցկացնելու մասին և Ռեգիոնների կուսակցության խմբակցությանը հրահանգել քվեարկել 2004 թվականի Սահմանադրությանը վերադարձ կատարելու օգտին:
Կլիչկոն ընդգծել է, որ ներկայիս իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկնում է նախագահի վրա, քանի որ միայն նա կարող է լուծել այս հարցը: Կլիչկոն վստահություն է հայտնել, որ վաղաժամ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարելը կնվազեցնի հասարակությունում առկա լարվածության աստիճանը և կլինի Յանուկովիչի կողմից համարձակ քայլ:
Կլիչկոյի խոսքերով՝ խորհրդարանը պետք է ձևավորի նոր կառավարություն, և որ ընդդիմությունը պատրաստ է ստանձնել դրա կազմավորման պատասխանատվությունը: Կլիչկոն Յանուկովիչին կոչ է արել ներքին զորքերի ու «Բերկուտի» ստորաբաժանումները հեռացնել Կիևի փողոցներից:
Նշվում է, որ Գերագույն ռադայում գրանցում է ստացել 2004 թվականի Սահմանադրությանը վերադարձ կատարելու մասին ընդդիմության ներկայացրած առաջարկը՝ թեև խորհրդարանի նախագահ Վլադիմիր Ռիբակը սկզբնական շրջանում հրաժարվել էր գնալ այդ քայլին: