
Թուրքիայի ՊՆ-ը 183 միլիոն դոլարով տուգանել է ամերիկյան Boeing ընկերությանը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը 183 միլիոն դոլարով տուգանել է ամերիկյան Boeing ընկերությանը՝ «Խաղաղության արծիվ» ծրագրի շրջանակներում Թուրքիային AWACS տիպի հետախուզական ինքնաթիռների մատակարարումն ուշացնելու համար: Գործարքը գնահատվել էր 1 միլիարդ ու 385 մլիոն դոլար: Թուրքիան Boeing ընկերությանը որպես կանխավճար էր տվել 637 միլիոն դոլար:
Թուրքիան առաջին «թռչող ռադարը» ստացել է այս տարվա հունվարին, պլանավորված է այն զինված ուժերի տրամադրության տակ դնել փետրվարի 21-ին: Ինքնաթիռների մատակարարման 7-ամյա ձգձգումը կապված է եղել դրանց հավաքման ու փորձարկման ժամանակ ծագած տեխնիկական անսարքությունների հետ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Janes-ը հայտնել էր, թե Թուրքիան 600 միլիոն դոլարով է տուգանել ամերիկյան Boeing ավիաշինական կոնցեռնին՝ «թռչող ռադարների» մատակարարումն ուշացնելու համար: