Էրդողանն առաջիկա օրերին կդիտարկի թուրքական առաջին կործանիչի ստեղծման հարցը
Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ առաջիկա օրերին տեղի կունենա Պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստը, որում քննարկվելու է թուրքական առաջին կործանիչի ստեղծման հարցը, որը տացել է FX/TX անունը:
Նիստին մասնակցելու են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն ու Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալը Նեջդեթ Օզելը: Նիստի ժամանակ նրանց դիտարկմանը կներկայացվեն FX/TX-ի վերաբերյալ երկու տարուց ավելի կատարված ուսումնասրություններն ու հետազոտությունները:
FX/TX-ի նախագծի մեկնարկը տրվել է 2010 թվականի դեկտեմբերի 15-ին, ակնկալվում է, որ այն պետք է իրագործվի մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ): Չի բացառվում, որ կարող է հետաձգվել Պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստը՝ կապված մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ: