Թուրքիայում երկարաձգել են կոռուպցիոն սկանդալի գործով ձերբակալվածներին կալանքի տակ պահելու ժամկետը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի դատախազությունը երկարաձգել է երկիրը ցնցած կոռուպցիոն սկանդալի գործով ձերբակալված անձանց կալանքի տակ պահելու ժամկետը:
Դա մասնավորապես վերաբերում է թուրք գործարար Ռեզա Զարաբին, էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանի որդի Սալիհ Քաան Չաղլայանին, ներքին գործերի նախկին նախարար Մուամեր Գյուլերի որդի Բարըշ Գյուլերին: Halk Bank-ի նախկին գլխավոր տնօրեն Սուլեյման Ասլանը, ով ձերբակալվել էր նախորդ տարվա դեկտեմբերին, ազատ էր արձակվել փետրվարի 14-ին:
Միևնույն ժամանակ Անկարայում «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) 30 անդամներ լքել են կուսակցության շարքերը՝ իրենց դժգոհությունը հայտնելով կուսակցության վարած քաղաքականության և նախընտրական ռազմավարության կապակցությամբ: Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվելու են այս տարվա մարտի 30-ին: