
Ապրիլին Պրահայում կանցկացվի ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» հաջորդ գագաթաժողովը

Penki.lt լրատվական պորտալի փոխանցմամբ՝ ապրիլի 23-24-ին Պրահայում անցկացվելու է ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի հաջորդ գագաթաժողովը: Այս մասին հայտարարել է Չեխիայի ԱԳՆ-ի՝ «Արևելյան գործընկերության» հարցերով հատուկ ներկայացուցիչ Պետեր Մարեշը:
Նրա խոսքերով՝ գագաթաժողովին մասնակցելու են Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի նախագահները, Բելառուսի վարչապետը, ԵՄ-ի ղեկավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև «Արևելյան գործընկերության» նախաձեռնողներ Լեհաստանի ու Շվեդիայի և ԵՄ-ում ներկայումս նախագահող Հունաստանի ներկայացուցիչները:
Հերթական գագաթաժողովը նվիրված է լինելու «Արևելյան գործընկերության» Պրահայի գագաթաժողովի հնգամյակին: Մարեշն ընդգծել է, որ գագաթաժողովին մասնակցելու են նաև ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն ու ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Մարեշի խոսքերով՝ Չեխիան հուսով է, որ գագաթաժողովը կօգնի նորովի նայել «Արևելյան գործընկերության» զարգացման երկարաժամկետ հեռանկարներին: