
Իսլամականները ստանձնել են Եգիպտոսում զբոսաշրջային ավտոբուսի պայթյունի պատասխանատվությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Անսար Բեյտ ալ-Մակդիս» («Երուսաղեմի պարտիզաններ») իսլամական խմբավորումը ստանձնել է Եգիպտոսում զբոսաշրջային ավտոբուսում իրականացված պայթյունի պատասխանատվությունը: Դրա հետևանքով զոհվել էր 3 մարդ:
Իսլամականները հայտարարել են, որ «սիոնիստների մոտ մեկնող» ավտոբուսի պայթյունը հանդիսանում է «տնտեսական պատերազմի» մասնիկ, որը նրանք մտադիր են մղել կառավարության դեմ: Հետագայում ահաբեկիչները մտադիր են հարձակում գործել «տնտեսական թիրախների» վրա:
Պայթյունը գրանցվել էր փետրվարի 16-ին Հարավային Սինայում՝ եգիպտա-իսրայելական սահմանի մոտ, որը համարվում է համեմատաբար անվտանգ զբոսաշրջային շրջան, մինչդեռ թերակղզու հյուսիսում գործնականում ամեն օր բախումներ են տեղի ունենում Եգիպտոսի անվտանգության ծառայության աշխատակիցների ու զինյալների միջև: