Վիեննայում մեկնարկում են Իրանի ու «Վեցյակի» միջև եռօրյա բանակցությունները
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Վիեննայում մեկնարկում է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը: Այն անցնելու է քաղտնօրենների մակարդակով: Նման ձևաչափով ներկայիս հանդիպումն առաջինն է 2013 թվականի նոյեմբերի 24-ից հետո, երբ Ժնևում կողմերի միջև պատմական համաձայնագիր ձեռք բերվեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:
Ժնևյան պայմանավորվածություններին համապատասխան՝ Թեհրանը պարտավորվեց զգալիորեն սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ արևմտյան երկրների կողմից պատժամիջոցների որոշակի մեղմացման դիմաց: Ստորագրված փաստաթուղթը համարվել է «առաջին քայլը»՝ հստակ ժամկետով. 6 ամիս:
Հաշվարկը սկսվել է այս տարվա հունվարի 20-ին: Այժմ բանագնացների առաջադրանքը «երկրորդ քայլի» կատարումն է՝ հասնել համապարփակ համաձայնագրի կնքմանը, որը վերջնականորեն կցրի Իրանի «միջուկային ակտիվության» հետ կապված բոլոր կասկածները: Վիեննայում բանակցությունների նոր փուլը կտևի երեք օր:
Կոնկրետ օրակարգը հայտնի չէ: Փորձագետների կարծիքով՝ քննարկման հիմնական առարկա են հանդիսանալու ուրանի հարստացման ցենտրիֆուգների քանակի հստակեցումը, հարստացման սահմանների սահմանումը, ինչպես նաև ծանր ջրով աշխատող Արակի հետազոտական ռեակտորի ապագայի հարցը: Տարբեր տվյալներով՝ Նաթանզում ու Ֆորդոյում տեղադրված է ուրանի հարստացման մոտ 19.000 ցենտրիֆուգ: