ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագիրը սպառնալիքի տակ չի դնում ՌԴ-ի շահերը. Էշթոն
Ռուսական Коммерсант թերթում հրապարակվել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հոդվածը, որում նշված է, որ ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի կնքումը սպառնալիքի տակ չի դնում Ռուսաստանի շահերը. «Ռուսաստանը վախենալու բան չունի: Հարևանների հետ նրա պատմական, տնտեսական ու սոցիալական կապերին ոչինչ չի սպառնում:
Անկախ հետազոտությունները հաստատում են, որ ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագիրը՝ ներառյալ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը, բացասական ազդեցություն չի ունենա Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև առևտրի վրա:
Ուկրաինայում գտնվող և ռուսներին պատկանող ձեռնարկությունները նույնպես կշահեն ԵՄ-ի ներքին շուկա ուղիղ մուտք ստանալուց: Իսկ եթե պարզվի, որ ներկրման աճը վնասում է ռուսական տնտեսությանը, ապա այդ խնդիրը կարելի կլինի լուծել ԱՀԿ-ի շրջանակներում պաշտպանիչ միջոցներով և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև գոյություն ունեցող համաձայնագրերով:
ԵՄ-ը, ինչպես նաև Ռուսաստանը, տարածաշրջանի կարևոր առևտրային գործընկեր է, ինչի համար էլ նա իրենից արևելք ընկած երկրներին առաջարկում է ազատ առևտրի մասին համաձայնագիր: ԵՄ-ը ոչ ոքի չի հարկադրում ընտրություն կատարել: Այդ երկրները կարող են միաժամանակ ազատ առևտրի համաձայնագրեր ունենալ ԵՄ-ի ու Ռուսաստանի հետ:
ԵՄ-ը հասկանում է Ռուսաստանի ցանկությունը, որպեսզի էլ ավելի շատ երկրներ միանան Մաքսային միությանը: Սակայն մենք պնդում ենք, որ հարգվի այս կամ այն երկրների ռազմավարական որոշումը: Այն երկրները, որոնք կարող են ապագայում միանալ Մաքսային միությանը, պետք է դա անեն սեփական կամքով»: