
Անգելա Մերկելը հանդիպել է ուկրաինական ընդդիմության առաջնորդների հետ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ հանդիպել է ուկրաինական ընդդիմության առաջնորդներ Արսենիյ Յացենյուկի ու Վիտալի Կլիչկոյի հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, Եվրախորհրդարանի՝ արտաքին հարցերով հանձնաժողովի ղեկավար Էլմար Բրոկը և բուդեսթագի պատգամավոր Անդրեաս Շոկենհոֆերը:
Հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Յացենյուկը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կանցլերին՝ Ուկրաինայի ժողովրդին ցուցաբերած աջակցության համար՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի կայունացման հետ:
Յացենյուկի խոսքերով՝ հանդիպման ժամանակ առաջին հերթին քննարկվել է բռնություններից ու արյունահեղությունից խուսափելու հարցը: Յացենյուկն ընդգծել է, որ Ուկրաինան քաղաքական ճգնաժամից դուրս բերելու համար պետք է նախագահական համակարգից անցում կատարել խորհրդարանական-նախագահական ղեկավարման ձևին:
Երկրորդ քայլը պետք է լինի կոալիցիոն կառավարության ձևավորումը: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ֆինանսական օգնությանն առնչվող հարցեր: