Հնարավորն անհնար դարձնելու տարելիցը

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2013 թվականի փետրվարի 18-ին, Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում` առաջին փուլով «հաղթեց» գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Ֆորմալ առումով Սերժ Սարգսյանին պարտվեց նախագահի թեկնածու, «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով, ի հեճուկս բոլոր կանխատեսումների` ստացավ 540 հազար՝ 37 տոկոս ձայն:

Իրականում մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանին պարտվեց ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանը, այլ Հայաստանի հասարակությունը: Ոչ թե այն պատճառով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը համայն հայության իղձերի մարմնավորումն էր, այլ` որովհետև 2013 թվականի փետրվարի 18-ին «խփված տոկոսներով», բառի բուն իմաստով, վերջնականապես «խփվեց» Հայաստանում ընտրությունների միջոցով որևէ բան փոխելու հնարավորությունը: Սակայն Ս. Սարգսյանի հաղթանակը հասարակության նկատմամբ հնարավոր եղավ` ներկայիս քաղաքական ուժերի գործուն մասնակցության, իսկ ավելի կոնկրետ՝ հանցավոր անգործության արդյունքում:

ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն տարբեր անլուրջ հիմնավորումներով միասնաբար հրաժարվեցին մասնակցել ընտրություններին, իսկ դրանից հետո միասնաբար սկսեցին հրճվել, թե ինչպես էր Րաֆֆի Հովհաննիսյանը աղոթում Վլադիմիր Գասպարյանի հետ: Այդ ուժերից որևէ մեկը, բնականաբար, իրեն նեղություն չտվեց հասարակությանը բացատրել, թե ինչո՞ւ՝ անգամ ընտրություններում ցուցաբերած քաղաքական ինֆանտիլությունից հետո, հետընտրական շրջանում, երբ հրապարակում էր իրենց համար այդքան բաղձալի «կրիտիկական մասսան», նրանք չհայտնվեցին հրապարակում ու չառաջնորդեցին հասարակությանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին հնարավորություն տալով աղոթել իր ուզած տեղում, իր ուզած անձանց հետ:

Րաֆֆին ընտրություններից հետո հացադուլ հայտարարեց, ապա գնաց ընկեր Պուտինից հաղթանակը բերելու: Հաղթանակը, հավանաբար, «մաքսազերծման» հետ կապված խնդիրների պատճառով` այդպես էլ Հայաստան չհասավ:

Փոխարենը, որոշ ժամանակ անց Րաֆֆին հասավ Միացյալ Նահանգներ՝ բոլորին ցույց տալով, թե ինչպես կարելի է «առանձնակի դաժանությամբ փոշիացնել» սեփական քաղաքական կապիտալը: Սակայն, կրկնում ենք, դա հնարավոր դարձավ ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական սխալ հաշվարկների կամ գուցե` անձնային որակների պատճառով, այլ` որովհետև այսօր իրենց «ոչ իշխանական» կոչող ուժերը բոյկոտեցին ընտրությունները՝ իրականում մեծագույն ծառայություն մատուցելով իշխանությանը՝ Ս. Սարգսյանին:

Հետաքրքիր զուգադիպությամբ, այսօր այդ նույն ուժերն առանձնակի դաժանությամբ պայքար են մղում կառավարությանն անվստահություն հայտնելու ուղղությամբ: Դա որքան տարօրինակ, նույնքան էլ հասկանալի է՝ Սերժ Սարգսյանին նրանք իրենց վստահությունը հայտնել են մեկ տարի առաջ՝ հրաժարվելով նրա դեմ պայքարից: Ի դեպ, այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ-որ հյուրանոցում ուղերձ է հղելու հանրությանը:

Հետաքրքիր է՝ Վլադիմիր Գասպարյանն անձա՞մբ կունկընդրի այդ ուղերձը, թե՞ Րաֆֆի Հովյաննիսյանին կսպասի իրենց համար խորհրդանշական դարձած վայրում՝ Ծիծեռնակաբերդում: Աղոթելու համար, բնականաբար: Հայաստանում անցկացված վերջին ընտրությունների տարելիցի կապակցությամբ: Ընդ որում, կարող է պարզվել, որ դրանք կարող են վերջինը լինել ընդհանրապես:

Տեսանյութեր

Լրահոս