Բաժիններ՝

Իսրայել Սարգսյանը գնացել է հիվանդանոց Թևոսիկի սպանված եղբոր հարազատներին ցավակցելու

Ոստիկանությունն այսօր նոր մանրամասներ է հայտնել հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության մասին: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ դեպքի վայրում զննությամբ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բժշկական ձեռնոց, արյան հետքեր, դեպքի վայրից քիչ հեռու ատրճանակ է հայտնաբերվել: Ըստ ոստիկանության՝ դեպքի վայրում հայտնաբերված հետքերը, հատկապես ատրճանակի առկայությունը վկայել է այն մասին, որ կատարվածը պատվիրված սպանություն է: «Հետագայում դեպքի վայրից առգրավված ատրճանակն ու կրակված պարկուճներն ուղարկվեցին դատաձգաբանական փորձաքննության, որի եզրակացությամբ հաստատվեց, որ իրականում հենց այդ ատրճանակով է կատարվել սպանությունը»,- տեսանյութում պատմում է ոստիկանության Երևանի քննչական վարչության պետ Ա. Այվազյանը:

Ըստ նրա՝ ուսումնասիրվել է դեպքի վայրի հարակից տարածքը, ինչի արդյունքում հայտնաբերվել են բազամթիվ տեսահսկող սարքեր, որոնց տեսագրություններն առգրավվել են:

«Տեսագրությունների դիտարկումից հետո պարզ նշմարվեցին հունվարի 26-ի լույս 27-ի գիշերվա անցուդարձի գրեթե բոլոր մանրամասները: Հունվարի 26-ն է, ժամը 21:20-ի սահմաններում Արթուր Սաֆարյանն ընկերոջ մեքենայով մոտնենում է իր օֆիսին, որը գտնվում  է Երվանդ Քոչարի փողոցում: Իսրայելն ու Մովսեսն արդեն հետևում էին զոհին: Ենթադրելով, որ Արթուրը շուտով օֆիսից տուն կգնա, նրանք Մովսեսի «Mercedes»-ով գնում են դիրքավորվելու: Անցնում են Ալեք Մանուկյան փողոցով, Սայաթ Նովայի պողոտայով, մտնում Սարյան, ապա Արամի փողոցներ, Մաշտոցի պողոտա ու թեքվում Բուզանդի փողոց, որտեղ էլ մեքենան կանգ է առնում: Իսրայելը մնում է մեքենայում, իսկ Մովսեսը դուրս է գալիս ու ոտքով գնում Արամի նրբանցքի 5ա շենքի բակ ու դարանակալում:

Ենթադրածի պես չի լինում, Աթուրը ուշանում է և միայն կեսգիշերից 5 րոպե անց իր մեքենայով մտնում բակ: Հնչում են կրակոցներ, ու Մովսեսը հեռանում է դեպքի վայրից: Իսրայելը սպասում էր, Մովսեսը նստում է ղեկի մոտ, ու մեքենան շարժվում է:

Մաշտոցի պողոտայում մեքենան կանգ է առնում, Իսրայելն իջնում է, իսկ Մովսեսը՝ մեքենայով հեռանում: Իսրայելը հատում է պողոտան, ու քայլում Օպերայի ուղղությամբ: Այդ ընթացքում ինչ-որ բան է գցում աղբարկղը: Հետո աղբարկղից պիտի հայտնաբերվեր մասնատված բջջային հեռախոս: Ապա Տերյան փողոցով բարձրանում է ու մտնում սրճարան:

Այս ընթացքում Արթուր Սաֆարյանին տեղափոխում են հիվանդանոց. նրա կյանքն այլևս փրկել հնարավոր չէր: Ժամը 12:50-ին սրճարան է մոտենում մեկ այլ մեքենա, որով էլ Իսրայել Սարգսյանը մեկնում է հիվանդանոց՝ մեռնողի հարազատներին ցավակցելու»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Իսրայել Սագսյանը բերման է ենթարկվել փետրվարի 3-ին, նույն օրը բերման է ենթարկվել նաև Տիգրան Ասատրյանը:

Մովսես Ներսիսյանին չի հաջողվել հայտնաբերել: Ըստ ոստիկանության տարածած տեսանյութի՝ անձնական խուզարկության ընթացքում Իսրայել Սարգսյանի մոտից հայտանբերվել է «Բերետտա» տիպի ատրճանակ:

Ըստ ոստիկանության՝ տեղեկութուն է ստացվել նաև այն մասին, որ փետրվարի 1-ի գիշերը Մովսես Ներսիսյանն ու Իսրայել Սարգսյանը  եղել են Դավիթաշենում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում:  «Իսկ ժամեր անց Մովսեսի «Mercedes»-ը նկատել են Քանաքեռավան գյուղի մոտակայքում: Մեքենայի մասին մի տեղեկություն էլ ստացվեց: Այն կայանված է «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում»,- ասվում է Ոստիկանության տեսանյութում, որում Երևանի քննչական վարչության պետը պատմում է, որ հյուրանոցի առանձնասենյակներից մեկում, ինչպես նաև դրան կից ավտոտնակում կատարված զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր:

«Արյան հետքեր հայտնաբերվեցին նաև Քանաքեռավանի տարածքով անցնող կոյուղատարի դիտահորի մոտ: Բացի այդ՝ «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում հայտնաբերվեց Մովսես Ներսիսյանի «Mercedes» մակնիշի ավտոմեքնենան, իսկ այդ ավտոմեքենայի բեռնախցի զննությամբ կրկին հայտնաբերվեցին արյան հետքեր: Նշված բոլոր վայրերից հայտնաբերված արյան հետքերն ուղարկվեցին դատակեսնաբանական փորձաքննության: Նկատի ունենալով, որ նախաքննությունը դեռևս շարունակվում է, քրեական գործով դեռ անհրաժեշտ է պարզել քրեական գործի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, չենք կարող հրապարակել մյուս քննչական գործողությունների արդյունքները»,- նշում է Երևանի քննչական վարչության պետը:

Ոստիկանությունում տեսանյութի համաձայն՝ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու, նրա սպանությունը թաքցնելու և դրա հնարավոր բացահայտումը կանխելու նպատակով Մովսես Ներսիսյանին սպանելու, ինչպես նաև ապօրինի կերպով հրազեն հանդիսացող  հանդիսացող ատրճանական և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար: Նա կալանավորված է:

Տիգրան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել հաստատապես հայտնի նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության իմանալու և չհայտնելու, ինչպես նաև ապօրինի կերպով հրազեն հանդիսացող ատրճանական և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար:

Տեսանյութը՝ այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս