Արամ Սարգսյան. Տա Աստված, որ քաղաքական այդ չորս ուժերի մոտ ամեն ինչ ստացվի
«Քաղաքականության մեջ կան գործընթացներ, որոնցով ճշտում ես քո ունեցած պոտենցիալը, ուժը, հասարակության մեջ քո ունեցած ազդեցությունը և հասարակության աջակցությունը քեզ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների` կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը:
«Տա Աստված, որ քաղաքական այդ չորս ուժերի մոտ ամեն ինչ ստացվի, հաջողեն, կարողանան զարգացումներն ապահովել»,- նշեց նա` շեշտելով, որ ոչ միայն` կառավարությունը, այլև` ամբողջ իշխանությունը պետք է փոխվի, համակարգը պիտի փոխվի, և կարևոր է, որ այս նպատակին հասնելու համար ինչ-որ տեղից սկսես:
«Բայց այնպես չէ, որ նա, ով Տիգրան Սարգսյանից հետո է գալու, խնդիրներ է լուծելու, համակարգն է փոխելու, որովհետև երկրի ու գործադիր իշխանության ղեկավարը նախագահն է, ուստի պետք է խնդիր դնել նախագահի փոփոխության»,- ասաց Ա. Սարգսյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՀԿ-ում կգտնվեն պատգամավորներ, ովքեր կողմ կքվեարկեն սեփական կառավարության հրաժարականի համար, Արամ Սարգսյանը հիշեցրեց. «Երբ որ ինձ էին այդ մասին ասում, ասում էի, որ` չկռռաք, կարող է նման բան էլ պատահի: Դրա համար հիմա այդ ագռավի ֆունկցիան ինձ վրա վերցնել չեմ ուզում: Թող երկրի իշխանությունները, կառավարությունը հասկանան, որ ԱԺ-ում առկա ոչ իշխանական ուժերն իրենց դեմ գործընթաց են սկսում, որը կարող են հաջողել»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: