Խորհրդակցություն Հովիկ Աբրահամյանի մոտ
168.am-ին հայտնի դարձավ, որ այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում իշխող կուալիցիան՝ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, առաջարկել են ստեղծել գազամատակարարման ոլորտն ուսումնասիրողԱԺ ժամանակավոր հանձնաժողով:
168.am-ի հետ զրույցում ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ խորհրդարանական մյուս խմբակցությունները որոշել են քննարկել առաջարկը, ապա պատասխանել:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ նախորդ քառօրյայի ընթացքում երբ նման նախաձեռնությամբ էին հանդես եկել ոչ իշխանական չորս խմբակցությունները, իշխող մեծամասնությունը մերժել էր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նրանց առաջարկը, ինչից հետո ԱԺ նախագահը հայտարարել էր, որ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի արդեն իրենց կողմից: