Բաժիններ՝

«ՀայՌուսգազարդ»-ի տնօրենը կասկածողներին առաջարկում է ցանկացած վայրում կատարել (տեսանյութ) գազի կալորիականության ստուգաչափումներ

ՌԴ-ից ՀՀ ներկրվող բնական գազի որակական հատկանիշները համապատասխանում են գործող միջպետական ստանդարտին՝ ԳՕՍՏ 5542-87, որի համաձայն՝ սպառողներին մատակարարվող մեկ խորանարդ մետր բնական գազի ջերմատվությունը չի կարող լինել 7600 Կկալ-ից ցածր: Նման հայտարարություն արեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը՝ գազի կալորիականության վերաբերյալ ընկերությունում կազմակերպված քննարկման ժամանակ:

Վ.Հարությունյանը ՀԿ-ների ներկայացուցիչներին առաջարկեց ստեղծել հանձնախումբ և ցանկացած ֆորմատով, այդ թվում՝ ԶԼՄ-ների մասնակցությամբ, ցանկացած վայրում կատարել ստուգաչափումներ: Ըստ նրա՝ գազի կալորիականության ստուգման լաբորատորիաներ ունեն Երևանի ՋԷԿ-ը, Հրազդանի ՋԷԿ-ը և «Արարատցեմենտ» գործարանը, գազը ստուգման է ենթարկվում նաև հայ-վրացական սահմանին գտնվող «Կողբ» գազաչափիչ կայանում, և գազի ջերմատվության արժեքը 1 խմ-ում 8000 կկալ ցածր երբեք չի եղել:

ՀԿ-ների ներկայացուցիչների բազմաթիվ դիտարկումներից մեկն այն էր, որ գազին հնարավոր է օդ խառնել, և մինչև 5-15%-ի դեպքում այն պայթունավտանգ չէ:

Վ.Հարությունյանը հայտարարեց, որ ՀՀ սպառողներին մատակարարվող գազում թթվածինը 0.082% է:

«Ներազգային ազատագրական շարժման» հիմնադիր Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, որ կազմակերպված քննարկումը անիմաստ է, նման է ՀՀԿ-ի կազմակերպած շոուներին, իսկ ՀՀ ժողովրդին սառեցնելու և խաբելու համար «ՀայՌուսգազարդը» պատասխան կտա դատարանում:

Վ.Հարությունյանը հայտարարեց, թե «ՀայՌուսգազարդը» ապակուսակցականացված կառույց է:

Հիշեցնենք, որ վերջերս ասուլիսում Մարտիրոսյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ «Գազպրոմ-Արմենիա»-ն գնել է երեք սարք` ազոտային կայանք` յուրաքանչյուրը 350 հազար դոլար արժողությամբ և Ռուսաստանից ստացվող X քանակությամբ բարձր կալորիականությամբ գազն այստեղ այդ սարքավորման միջոցով գազի քանակը դարձնում են Y  քանակի ու վաճառում բաժանորդին:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս