Թունիսը Թուրքիայից գնել է Kirpi տիպի 20 զրահապատ մեքենա (լուսանկար)
Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ Թունիսը ձեռք է բերել թուրքական արտադրության Kirpi զրահապատ մեքենաների առաջին խմբաքանակը՝ 20 մեքենա: Յըլմազի խոսքերով՝ թուրքական BMC ընկերությունը վերագործարկելու է Kirpi-ի արտադրությունը:
Ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը պլանավորել էր աճուրդի հանել զրահատեխնիկա արտադրող BMC ընկերությանը, որը 2013 թվականին սնանկ էր ճանաչվել: Թուրքիայի զինված ուժերի համար Kirpi զրահամեքենա արտադրող ընկերության պարտքը կազմել էր 455 միլիոն դոլար:
BMC-ը ֆինանսական դժվարությունների պատճառով չի կարողացել ժամանակին պատվիրատուներին մատակարարել զրահամեքենաներ: Նա պետք է 175 Kirpi-ի ու 105 բեռնատարի մատակարարումն ավարտեր մինչև 2013 թվականի մայիսի 15-ը: Ընկերությանը զգուշացրել էին, որ պայմանագիրը կարող է խզվել, եթե նա ժամանակին չկարողանա իրագործել պատվերը:
BMC-ը 468 միավոր Kirpi զրահամեքենայի մատակարարման պայմանագիրը կնքել է 2009 թվականին: Ներկա դրությամբ Թուրքիայի զինված ուժերը ստացել են միայն 278 Kirpi: Թուրքիայի ՊՆ-ի պատվերով՝ զրահամեքենայի արտադրությունը կասեցվել է մոտ մեկուկես տարի առաջ: Պայմանագրով նախատեսվում էր նաև 2.5 տոննա բեռնունակությամբ բանակային բեռնատարների մատակարարում:
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը, որպես կրած վնասների փոխհատուցում, BMC-ից գանձել է 51.6 միլիոն դոլար: Kirpi զրահապատ մեքենան թողարկվում է երկու տարբերակով, որոնցից մեկի դեպքում այն ունի 4 անիվ, իսկ մյուսի դեպքում՝ 6 անիվ:
Քառանիվ տարբերակը կշռում է մոտ 16 տոննա, նրա երկարությունը հասնում է 7 մետրի: Ավտոմեքենան ամրացված է Stanag 4569-ի ստանդարտով երրորդ մակարդակի զրահով և զինված է 7.62 կամ 12.7 միլիմետր տրամաչափի գնդացիրով: Kirpi-ում կարող է տեղավորվել մինչև 13 մարդ: Այն կարող է զարգացնել մինչև 105 կմ/ժամ արագություն, իսկ ընթացքի պաշարը կազմում է 800 կիլոմետր: