Ուկրաինայում ուժի մեջ է մտել Համաներման մասին օրենքը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ այսօր Ուկրաինայում ուժի մեջ է մտել բողոքի ակցիաների բոլոր մասնակիցների համար Համաներման մասին օրենքը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Համաներման մասին օրենքով քրեական պատասխանատվությունից ու պատժից ազատվում են այն անձինք, ովքեր 2013 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2014 թվականի փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում գործել են այդ օրենքի թիվ 1 հոդվածով նախատեսված հանցանքներ:
Բացի այդ, փակվում են արդեն իսկ բացված, համապատասխան քրեական գործերը, և վարչական պատասխանատվությունից ազատվում են այն անձինք, ովքեր ենթարկվել են վարչական կալանքի:
Համաներման մասին օրենքն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ էր, որ ցուցարարները լքեին ավելի վաղ գրաված բոլոր վարչական շենքերը, ինչը և իրականացվել էր նրանց կողմից: Իշխանություններն իրենց հերթին ազատ են արձակել բոլոր 234 ցուցարարներին: