
Լիբանանում ձևավորվել է նոր կառավարություն

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Լիբանանում ձևավորվել է կոալիցիոն կառավարություն: Ակնկալվում է, որ այն կկարողանա վերջ դնել երկրի քաղաքական ճգնաժամին, որը երկրում ընթանում է նախորդ տարվա ապրիլից:
Լիբանանի նոր արտգործնախարար է նշանակվել Գեբրան Բասիլը, ՆԳՆ-ը գլխավորել է Նուհադ Մաշնուկը, պաշտպանության նախարար ու առաջին փոխվարչապետ է դարձել Սամիր Մուկբիլը: Համապատասխան հրամանը ստորագրել է երկրի նախագահ Միշել Սուլեյմանը:
Նոր կառավարության կազմում միաժամանակ ընդգրկվել են շիական «Հզբոլլահ» շարժման անդամները և նախկին վարչապետ Սաադ Հարիրիի սուննի բլոկի անդամները: Նրանց միջև տարաձայնությունները հանգեցրին նրան, որ նոր վարչապետ Թամամ Սալյամի կառավարության ձևավորումը տևեց 10 ամիս:
Նրանց տարաձայնություններն առավել սուր առնչվում են հարևան Սիրիայում առկա հակամարտությանը: Եթե «Հզբոլլահը» աջակցում է Սիրիայի պաշտոնական իշխանություններին, ապա սուննիները հանդես են գալիս սիրիական ընդդիմության օգտին: