Կահիրեում մեկնարկում է Մուրսիի նկատմամբ լրտեսության մեղադրանքով դատավարությունը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մեկնարկում է նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի նկատմամբ լրտեսության մեղադրանքով դատավարությունը: Տվյալ գործով առաջին լսումներին Մուրսիից բացի պետք է մասնակցեն ևս 35 իսլամական առաջնորդ:
Նրանք բոլորն էլ մեղադրվում են «օտար կազմակերպությունների» հետ դավի մեջ մտնելու մեջ` երկրի ներսում ահաբեկչական ակտեր իրականացնելու և մեկ այլ պետությանը ռազմական գաղտնիքներ հայտնելու համար: Բացի այդ, իսլամական ղեկավարությունը մեղադրվում է ահաբեկչություն ֆինանսավորելու և մի շարք այլ գործողությունների մեջ, որոնք շոշափում են Եգիպտոսի ինքնիշխանությունն ու նրա տարածքային ամբողջականությունը:
Գլխավոր դատախազության պատրաստած փաստաթղթերում ընդգծված է, որ «Մուսուլման եղբայրները» մասնակից են վերջին մի քանի տարում Եգիպտոսում իրականացված ահաբեկչություններին ու բռնության ակտերին: Ավելին, նրանց առաջնորդները մեղադրվում են նրանում, որ պատրաստել են «ահաբեկչական պլան», որով նախատեսվել է համագործակցել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման, լիբանանյան շիական «Հզբոլլահ» խմբավորման և Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի հետ:
Մուրսին մեղադրվում է նաև երեք այլ կետերով, որոնցից երկուսի գործով դատավարությունն արդեն իսկ ընթացքի մեջ է: Դրանցից մեկը վերաբերում է 2012 թվականի դեկտեմբերին «Ալ-Իթթիհադիա» նախագահական նստավայրի մոտ ցուցարարներին սպանելուն ու կտտանքների ենթարկելուն, իսկ մյուսը` 2011 թվականի հունվարյան հեղափոխության օրերին իրականացված «Մեծ փախուստին», երբ ուղղիչ հիմնարկներից փախուստի էին դիմել մեծ թվով բանտարկյալներ, այդ թվում նաև Մուրսին:
Երրորդ գործն էլ առնչվում է Մուրսիի կողմից դատական իշխանություններին վիրավորելու, ճնշելու, ազդելու, հասարակական կարծիքը մանիպուլացնելու փորձերին: Այս գործընթացի մեկնարկը դեռ հստակեցված չէ: