Իմ դիրքորոշումը ՄՄ-ի հետ կապված բացարձակապես չի հակասում այն տեսակետներին, որոնք արտահատում է կուսակցության ղեկավարը
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը օրերս «Սիվիլիթաս» հիմնադրամում տեղի ունեցած քննարկման ժամանակ խիստ քննադատել էր Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը:
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, ի պատասխան այն հարցին՝ դա կուսակցությա՞ն, թե՞ անձամբ իր դիրքորոշումն է, Վ. Օսկանյաննա ասաց. «Այն, ինչ պարոն Ծառուկյանն ասել է մեր հարաբերությունների մասին՝ հատկապես Ռուսաստանի հետ, դա իրոք կուսակցության դիրքորոշումն է և դժվար թե Հայաստանում լինի քաղաքական ուժ, անհատ, կազմակերպութուն, որ այլ կերպ մտածի: Այն, որ Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է բարձր մակարդակի հարաբերություններ ունենա՝ երկու կարծիք այստեղ չի կարող լինել: Այն, որ պետք է լինեն հնարավորինս խորը տնտեսական հարաբերություններ, երկու կարծիք լինել չի կարող: Ասեմ, որ իմ դիրքորոշումը ՄՄ-ի հետ կապված բացարձակապես չի հակասում այն տեսակետներին, որոնք արտահատում է կուսակցության ղեկավարը»:
Ինչ վերաբերում է կուսակցության դիրքորոշմանը, ապա Վ. Օսկանյանը նշեց, թե իրենք բազմիցս է ասել են, որ այն պահին, երբ կերևան Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի տնտեսական շահերը, իրենք պաշտոնապես կարտահայտեն իրենց վերաբերմունքը: «Այն պահին, երբ ամեն ինչ հստակ կլինի, մեր ղեկավարությունը կիմանա, թե ի՞նչ է ենթադրում Մաքսային միությունը, հստակ կտեսնենք՝ որո՞նք են առավելությունները, թերությունները, կտանք մեր գնահատականը, կուսակցությունն իր պաշտոնական դիրքորոշումը կհայտնի՝ անդամակցության վերաբերյալ»,- ասաց նա:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին հայտարարեց, թե կուսակցությունը պաշտնապես իր վերջնական դիրքորոշումը հայտնել չի կարող այն պարզ պատճառով, որ բացի «անորոշ ճանապարհային քարտեզից», հստակ այլ տեղեկություն, թե ի՞նչ է տնտեսապես շահելու Հայաստանը՝ անդամակցելով ՄՄ-ին՝ չկա: «Կան միայն հստակ հայտարարություններ, թե ինչպես է տուժելու Հայաստանը՝ անդամակցելով ՄՄ-ին»,- նկատեց նա:
Ն. Զոհրաբանը անդրադարձավ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը, թե բացառվում է, որ Հայաստանում գնաճ լինի՝ նշելով. «Հարգարժան նախագահը, երեկ խոսեց այն անձանց մասին, ովքեր թյուր տեղեկատվություն են տարածում՝ ասելով, որ որոշակի ապրանքատեսակներ չեն թանկանալու: Ուզում եմ հիշեցնել, որ առաջինը նման հայտարարություն խորհրդարանում արել է կառավարության անդամ, Էկոնոմիայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ ասելով, որ այո, մոտավորապես 600 անուն ապրանքատեսակ թանկանալու է և չի հերքել, որ դրանց մեջ լինելու են առաջին կենսաապահովման անհրաժեշտ ապրանքներ: Երբ ԲՀԿ-ի համար պարզ կլինեն տնտեսական օգուտները, մենք մեր վերջնական որոշումը կասենք»:
Վարդան Օսկանյանն էլ հավելեց. «Ես՝ որպես նախկին ԱԳ նախարար, ով լավ ծանոթ է խոհանոցին, գիտակ է հայ-ռուսական հարաբերություններին, Եվրամիության հետ կապված Հայաստանի ներգրավաված գործընթացներին, կրկնում եմ, որ մենք մեզ նման ընտրության առաջ երբեք պետք է չդնեինք, մենք մեզ չփակեինք ԵՄ-ի ընձեռած հնարավորություններից՝ միաժամանակ բարձր մակարդակի վրա պահելով Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները: Սա է ենթադրում դիվանագիտությունը, սա է մեր ժողովրդի պահանջը: Բայց մենք բոլորովին այլ իրավիճակում ենք, ինչը անձնապես համարում եմ, որ մեր ժողովրդի շահերից չի բխում»: