
Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ ներկայիս իրավիճակը հաղթական չէ ՌԴ-ի համար. Մարգվելաշվիլի

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության «Դիրքորոշում» հաղորդման ժամանակ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի ու Ռուսաստանի նախագահների առաջիկա հանդիպման ժամանակ դիտարկվելիք հարցերի հստակեցումը սկսվելու է Աբաշիձեի ու Կարասինի հանդիպումից:
Մարգվելաշվիլիի խոսքերով` նախագահների հանդիպումը պետք է ենթադրի ռացիոնալ համատեքստում խնդրահարույց թեմաների քննարկում. «Մենք պետք է խոսենք այն մասին, թե ինչպես պետք է դուրս գալ ստեղծված իրավիճակից: Աբխազիայի ու Ցխինվալի հետ կապված խնդիրների լուծումը չի դիտարկվում ռազմական ձևաչափում, իսկ դա մենք գիտենք:
Մենք ցանկանում ենք ռուսական կողմին ցույց տալ, որ պատրաստ ենք ռացիոնալ համատեքստում դիտարկել այն, ինչը կարող իրենից հետաքրքրություն ներկայացնել Ռուսաստանի համար:
Ցանկանում ենք ցույց տալ, որ ներկայիս իրավիճակը ոչ մի կերպ հաղթական չէ Ռուսաստանի համար, ինչպես նաև շահեկան չէ նաև լարափակոցներից այն կողմ մնացած աբխազների ու օսերի համար: Մենք պետք է խոսենք չափազանց ցավոտ հարցերի մասին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու մարտի սկզբին, և որ դրանում քննարկվելու է Գեորգի Մարգվելաշվիլիի ու Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապատրաստման հարցը: