
Սերժ Սարգսյան. Ցավոք, ունենք նաև առանձին անհատների նվնվոցը տարբեր հրապարակներում, թե՝ մենք երկիր ենք պահել, արյուն ենք թափել

Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցող Երկրապահ կամավորական միության համագումարին անդրադարձավ նաև այն ազատամարտիկներին, ովքեր դժգոհում են երկրում տիրող իրավիճակից:
Դիմելով դահլիճում նստած երկրապահներին, Սերժ Սարգսյանն ասաց. «Ձեր ուժը, ձեր իմաստնությունը, մարտական ուղով սրբագործված ձեր եղբայրության ոգին այսօր ավելի քան երբեք հարկավոր է երիտասարդ սերնդի ուժն ու հավատը, հույսն ու վստահությունը, սերն ու նվիրումը բազմապատկելու համար«: Ապա հավելեց. «Այսօր պիտի հնչի երկրապահի ձայնը՝ խրոխտ, վստահ, չնայած, ցավոք, ունենք նաև առանձին անհատների նվնվոցը տարբեր հրապարակներում, թե՝ մենք երկիր ենք պահել, արյուն ենք թափել, և հիմա կա՛մ շատ բարձրացրեք մեր թոշակները, կա՛մ էլ հեղափոխություն ենք անելու: Մենք շատ լավ գիտենք՝ ով, որտեղ և ինչքան արյուն է թափել:
Մենք նաև շատ լավ գիտենք այդպիսի մարդկանց խոսքի արժեքն ու նրանց գործողություն կատարելու ունակությունը: Մեզնից հետո երկրին տեր լինելու կոչված սերնդի կողքին պիտի կանգնի Երկրապահը իր խորհրդով ու պատգամով: Պիտի ուժ տանք վհատվածին ու հուսալքվածին՝ հույս: Պիտի կանգնենք դժվարության մեջ հայտնվածի կողքին, անգամ եթե դիմացինի ցավը տանելու պատրաստակամությունից բացի այլ բան առաջարկել չենք կարող: Ինչ դժվար իրավիճակում էլ հայտնված լինի հայաստանցին: Ուր էլ լինի: Նրա թիկունքը դատարկ չպիտի մնա:
Դուք, մենք, պիտի զորավիգ լինենք նրան այն պահին, երբ անգամ ծնողը, զավակն ու ամուսինը հուսահատ լքեն նրան: Սա է մեր մարտի դաշտի օրենքը, և սա է մեր մարտի դաշտն այսօր: Պետությունը պիտի օգնի նրանց, ովքեր իրենք իրենց օգնել չեն կարող: Պիտի օգնի ու հնարավորություն տա օգնել: Պիտի օգնի երիտասարդին՝ տարիներ անց օգնություն հասցնել ինքն իրեն: Պետությունը պիտի, եթե կուզեք, մի յուրօրինակ «ժամանակի մեքենա» տրամադրի յուրաքանչյուրին՝ տասնամյակների միջով ինքն իրեն ձեռք մեկնելու համար: Հենց այդպիսի ժամանակի մեքենա է կենսաթոշակային նոր համակարգը, որ պիտի կայացնենք այսօր»: