
Կարմիր Խաչի ավստրիացի բժիշկները հրաժարվել են մահմեդականների դոնորական արյունից

Ավստրիական Լինց քաղաքում Կարմիր Խաչի բժիշկները հրաժարվել են ընդունել մահմեդական բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների դոնորական արյունը: Նրանք պարզաբանել են, որ իսլամական երկրների դոնորների մոտ հաճախակի են հանդիպում հեպատիտ B-ով վարակվածության դեպքերը:
Մահմեդական IRG բարեգործական կազմակերպության անդամները նշել են, որ անցյալ տարի որեւէ խնդիր չի առաջացել իրենց դոնորական արյան հետ կապված եւ դժգոհություն են հայտնել Կարմիր Խաչի որոշման վերաբերյալ:
Իր հերթին Լինցի Կարմիր Խաչի տնօրեն Քրիստիան Գաբրիելը հայտարարել է, որ բարեգործական կազմակերպությունների տրամադրած դոնորական արյունը հաճախ պիտանի չի լինում ներարկումների համար: Նա հավաստիացրել է, որ Կարմիր Խաչն առաջնորդվում է միայն մեկ չափանիշով` դոնորի առողջությամբ, ոչ թե դոնորի կրոնական կամ ազգային պատկանելությամբ: