ՀՀԿ-ականները բաժանվել են երկու խմբի

Չնայած նրան, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր` գազամատակարարման հարցով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվելու է, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը պնդում է, որ հանձնաժողովը կստեղծվի միայն այն դեպքում, եթե հանրությունը նման պահանջ դնի:

ԱԺ փետրվարի 6-ի նիստում ոչ իշխանական չորս խմբակցությունների` գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնությունը մերժելուց երկու օր անց, Հովիկ Աբրահամյանը հստակ հայտարարեց, որ իրենք առաջիկայում ստեղծելու են ժամանակավոր հանձնաժողով, տալու են հնարավորություն քննարկելու այն հարցերը, որոնց շուրջ բացատրություններ էր պահանջում ընդդիմությունը:

Իսկ ոչ իշխանական չորս խմբակցությունները պահանջում էին բացահայտել, թե ինչպե՞ս է կուտակվել 300 մլն դոլարի պարտքը, և ինչպե՞ս է ձևավորվում գազի գինը սպառողի համար: Բայց ՀՀԿ պատգամավորները կարծես հակված չեն ժամանակավոր հանձնաժողով ստեղծել` համարելով, որ անպատասխան հարցեր գազամատակարարման ոլորտում չկան:

«Ես էլ եմ հայտարարում, որ եթե հասարակական պահանջ դառնա, բնականաբար, մենք այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկենք` նոր սցերնարներով: Բայց տեսեք, որ հասարակական պահանջ չի էլ դառնում: Այնպես որ, եթե հասարակական պահանջ դառնա` ինչո՞ւ չէ, հանձնաժողով էլ կստեղծենք, բայց հասարակական պահանջ չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը:

Կարդացեք նաև

Փաստորեն, իշխող Հանրապետականում հանձնաժողովը ստեղծել-չստեղծելու հարցի վերաբերյալ տարաձայնություններ կան, բայց խմբակցությունը հարցը դեռ չի քննարկել: ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, թե կարծում է, որ առաջիկայում քննարկումներ այս հարցով կտարվեն: Ամեն դեպքում, Մինասյանն էլ չի բացառում, որ հանձնաժողով կարող է ստեղծվել: «Ես կարծում եմ, որ տարբեր ձևաչափեր կարող են լինել` կարող են լինել խորհրդարանական լսումներ, հանձնաժողով, որևէ բան չի կարելի բացառել»,- ասաց նա:

ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն էլ ասաց, թե տեղյակ չէ` հանձնաժողովը ստեղծելու առումով Հանրապետականը քննարկում հրավիրե՞լ է, թե՞ ոչ, որովհետև ինքը նման քննարկման չի մասնակցել: Մեր հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն մտափոխվե՞լ է ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պատրաստակամության հայտարարության մասին, թե՞ ՀՀԿ-ում տարակարծություններ կան` Հովիկ Աբրահամյանը հակված է ստեղծել, շատ պատգամավորներ` ոչ, Հակոբյանը պատասխանեց, թե ինքը նման խնդիր չի նկատել: Նա էլ նշեց, թե հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն չի տեսնում, որովհետև «բացատրելու խնդիր չկա»:

Տեսանյութեր

Լրահոս