«Տոնուսի» գործը քննվում է ՊԵԿ քննչական վարչությունում
«Տոնուսի» սնանկության գործի նյութերն անցած տարի դեկտեմբերին ուղարկվել են գլխավոր դատախազություն, որտեղից էլ՝ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Տոնուսի» սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանը:
Ըստ նրա՝ ՊԵԿ վարչությունում գործն ակտիվորեն և օպերատիվ կերպով քննվում է, հրավիրվում են գնորդները, հաշվապահները և այս պատմության հետ առնչություն ունեցող բոլոր անձինք:
Հ.Ղամբարյանի խոսքով՝ դատարանում շարունակվում է ընկերության հանդեպ ներկայացված պահանջների քննությունը, քաղաքացիների պահանջները հիմնականում քննվել են և այժմ գլխավոր խնդիրը «Արցախբանկի» պահանջն է. «Բանկը բանակցում է քաղաքացիների հետ և, սպասվում է, որ մինչև այս ամսվա վերջ որևէ ընդհանուր հայտարարի կգան ու դատարանում գործի քննությունը կակտիվանա»:
Ավելի վաղ, հիշեցնենք, Հ.Ղամբարյանը մեզ հետ զրույցում տեսակետ էր հայտնել, որ «Տոնուսի» սնանկացման պատճառը վարկային միջոցները ոչ ճիշտ ծախսելն էր և այժմ բանկի պահանջից է կախված՝ հնարավոր կլինի՞ առողջացման տանել ընկերությունը, թե՞ ոչ: