Բաժիններ՝

«Զվարթնոցի» շենքը մի ամբողջ ժամանակաշրջանի պատմություն է, ու այն ընդամենը խնամքի կարիք ունի (տեսանյութ)

«Մենք պետք է խոսենք պահպանության մասին, ոչ թե քանդման: «Զվարթնոցի» խնդիրը պետք է լուծել իրավական դաշտում և շեշտադրել մշակութային կոմպոնենտը: Ոչ մի շահագործող չի մտածելու այս մասին: Չի կարելի ենթադրել, որ որևէ մեկը մեր փոխարեն խնդիրը կլուծի»,-  այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած ««Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային հին համալիրի քանդման հարցը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ճարտարապետ Զոհրաբ Բաուերը:

«Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային հին համալիրի վերաբերյալ կառավարությունում մասնագիտական քննարկումներ տեղի են ունենում, թե ոչ՝ անհայտ է:

«Պետք է արձանագրել այն փաստը, որ ոչ մի քննարկում չի հայտարարվել, կամ եթե տեղի են ունենում քննարկումներ, դրանք զրկված են թափանցիկությունից: Առ այսօր մենք դրանց մասին ոչինչ չգիտենք»,- նշեց արվեստաբան, Արվեստի քննադատների ազգային ասոցացիայի նախագահ Ռուբեն Արևշատյանը:

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի խոսքով` ելակետ պետք է ընդունել շենքի պահպանությունը, լուծումներ գտնել և հանրային քննարկումներ անել մինչ որոշում ընդունելը և ոչ թե հակառակը. «Պետք չէ սպասել, որ կառավարությունը հանրային քննարկում իրականացնի, նույն տրամաբանությամբ մենք 15-20 տարի ապարդյուն սպասում ենք, որ կառավարությունը կիրականացնի Սահմանադրությամբ իր վրա դրված հուշարձանների պահպանության լիազորությունը»:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2013 թ. դեկտեմբերի 26-ի նիստում քննարկել ու հավանության է արժանացրել «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված մաստեր պլանը, որտեղ նաև ներառված է «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդման գործընթացը:

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի կարծիքով` մենք «Զվարթնոցի» նման շատ քիչ կառույցներ ունենք, որ դուրս են եկել Հայաստանի սահմաններից, և հուշարձանի կարևորությունը չպետք է դիտարկել հատուկ պահպանվող հուշարձանների ցուցակում լինել-չլինելու ենթատեքստում. «Եթե այսօր խոսում են չափորոշիչների մասին, ապա հարկ է նկատել, որ ժամանակին այլ չափանիշներով էին որոշում հուշարձանի մշակութային լինելը: Իսկ «Զվարթնոցի» շենքը մի ամբողջ ժամանակաշրջանի պատմություն է, ու այն ընդամենը խնամքի կարիք ունի»:

Զուգահեռներ տանելով «Փակ շուկայի» և «Զվարթնոցի» հին մասնաշենքի միջև՝ Սարհատ Պետրոսյանը նշեց, որ չնայած երկու դեպքում էլ հանրային ուշադրությունը շատ մեծ է, սակայն կան մի քանի տարբերություններ. «Քանի որ այս դեպքում էականորեն այլ տեսակի ներդրողի հետ գործ ունենք, ապա պետք է մի քիչ այլ տակտիկա ընդունել և փորձել գտնել այլընտրանքային լուծումներ: Մեր բախտը շատ է բերել, որ Սամվել Ալեքսանյանի փոխարեն գործ ունենք Էդուարդո Էռնեկյանի հետ»:

Զոհրաբ Բաուերը շեշտեց, որ շենքի նկատմամբ համապատասխան խնամք պետք է տարվեր, ինչը չի արվել, որի համար պետք է պատասխան տրվի: Ըստ ճարտարապետի ներկայացրած փաստաթղթերի` կոնցեսիոները ոչ մի միջոց չի տրամադրել շենքի կայունությունն ուսումնասիրելու համար:

Ռուբեն Արևշատյանը տեղեկացրեց, որ միջազգային մասնագիտական շրջանակներից արդեն իսկ խնդրի շուրջ արձագանքներ կան, որոնք շուտով ձևակերպված կլինեն փաստաթղթերով, ինչը շարունակությունն է այն ռեզոլյուցիայի, որը ընդունվեց երկու տարի առաջ Վիեննայում` 19-րդ Վիեննական կոնգրեսի շրջանակներում, որը հետխորհրդային հանրապետությունների իշխանություններին հորդորել էր ոչ միայն ապահովել այդ հուշարձանների պահպանումը, այլև իրականացնել դրանց գիտական վերակառուցումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս