Բաժիններ՝

2013 թվականին Ուկրաինային ու Մոլդովային ռուսական գազի մատակարարումը նվազել է ավելի քան 20 տոկոսով

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմը» 2013 թվականին Ուկրաինային մատակարարել է 25.84 միլիարդ խորանարդ մետր գազ: Այս մասին վկայել է կոնցեռնի՝ 2013 թվականի չորրորդ եռամսյակի մասին հաշվետվությունը: Մինչդեռ 2012 թվականին Ուկրաինային ռուսական գազի արտահանման ծավալը կազմել է 32.87 միլիարդ խորանարդ մետր:

Դրանով իսկ 2013 թվականին Ուկրաինային ռուսական գազի մատակարարման ծավալը նվազել է 21.4 տոկոսով: Մինչդեռ Արևմտյան Եվրոպային ռուսական գազի արտահանումն աճել է 20.1 տոկոսով՝ հասնելով մինչև 127.99 միլիարդ խորանարդ մետրի:

Նախորդ տարի Բելառուսին ռուսական գազի մատակարարման ծավալը մնացել է նույն մակարդակի վրա՝ 20.26 միլիարդ խորանարդ մետր, իսկ Մոլդովայի դեպքում գրանցվել է 22.4 տոկոսանոց անկում՝ նվազելով մինչև 2.39 միլիարդ խորանարդ մետրի (2012 թվականի 3.08 միլիարդ խորանարդ մետրի դիմաց):

Մերձակա երկրներ (ԱՊՀ-ի երկրներ, Վրաստան, Հարավային Օսիա ու Բալթյան երկրներ) ռուսական գազի մատակարարման ծավալը կազմել է 56.09 միլիարդ խորանարդ մետր: 2012 թվականի հետ համեմատ՝ գրանցվել է 12.9 տոկոսանոց անկում (64.42 միլիարդ խորանարդ մետր):

Ավելի վաղ «Գազպրոմը» հայտարարել էր, որ հուսով է 2014 թվականին Ուկրաինայում գազի մատակարարման ծավալը հասցնել 35-40 միլիարդ խորանարդ մետրի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս