
Վարդան Ղուկասյանի եղբորորդու գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

Դատավորը, ում մակագրվել էր Վարդան Ղուկասյանի եղբորորդու, «Շեկոյի» և «Քավոր Հարութի» գործը, ինքնաբացարկ է հայտնել: Ինչպես տեղեկացրել էինք, հարուցված քրեական գործը պետք է քններ դատավոր Հարություն Մովսեսյանը: Ըստ datalex դատական տեղեկատվական համակրգում տեղադրված որոշման՝ Հ. Մովսեսյանը ինքնաբացարկի միջնորդության մեջ գրել է, որ հետազոտելով քրեական գործի նյութերը՝ պարզվեց, որ տուժող ճանաչված Հարություն Սամսոնի Խաչատրյանը (առավել հայտնի է «Քավոր Հարութ» մականվամբ) բնակվել է Արցախ թաղամասում, որտեղև բնակվել եմ ես, եղել ենք հարեւաններ: Դատավորն իր որոշման մեջ նշել է, որ իրենք գտնվում են նորմալ հարաբերությունների մեջ, որին տեղյակ է նաև մեղադրվող կողմը: Ըստ դատավորի՝ այդ հանգամանքը մեղադրվողի կողմից կարող է կասկած հարուցել իր անկողմնակալության հետ կապված:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հարուցված քրեական գործը ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Գյումրու նախկին քաղաապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդուն՝ Վահե Ղուկասյանին: